«Նիվայով» Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ բարձրացած քաղաքացին հոգեբուժարան է տեղափոխվել

Տղամարդը, որ մի քանի անգամ բուժում է ստացել հոգեբուժարանում, «Ավան» հոգեբուժական կենտրոն է տեղափոխվել շտապօգնության բրիգադի ուղեկցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի աստիճանահարթակի վերևում կայանած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 36-ամյա Ռոմիկ Ջնդոյանը, տեղափոխվել է ՀՀ առողջապահության նախարարության «Ավան» հոգեբուժական կենտրոն, որովհետև եղել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում։

Փորձել է այրել մեքենան. մանրամասներ քաղաքապետարանի մոտ կայանված Նիվայի միջադեպի մասին

Մեզ հայտնի է նաև, որ տղամարդը մի քանի անգամ բուժվել է հոգեբուժական կենտրոնում, սակայն նա, ամենայն հավանականությամբ, հաշվառված չէ բուժհաստատությունում, քանի որ վարորդական իրավունք ունի։

Տղամարդը «Ավան» հոգեբուժական կենտրոն է տեղափոխվել շտապօգնության բրիգադի ուղեկցությամբ։

Հիշեցնենք, որ երեկ` մարտի 8-ին, վարորդը Երևանի քաղաքապետարանի շքամուտքի աստիճանահարթակի վերևում կայանելուց հետո բենզին է լցրել մեքենայի վրա ու փորձել այն այրել: Ոստիկանները կարողացել են կանխել հրդեհի բռնկումը, իսկ վարորդը հրավիրվել է ոստիկանության բաժանմունք:

Մեր տեղեկություններով՝ «Նիվայի» վարորդն ազգությամբ եզդի է։ Նա այդ քայլին է դիմել, քանի որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրեն պատկանող շինության հետ կապված խնդիրներ ունի քաղաքապետարանում։