Մինսկի խումբը Երևանին և Բաքվին կոչ է արել նվազեցնել սադրիչ հռետորաբանությունը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները հայտարարություն են տարածել` ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո բանակցություններ անցկացնելու մտադրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է նվազեցնեն սադրիչ հռետորաբանությունը։ Այս մասին գրված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հայտարարության մեջ։

Համանախագահները ողջունում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` համանախագահների հովանու ներքո հանդիպում անցկացնելու մտադրությունը։ Հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տանում և՛ համանախագահները, և՛ երկու երկրների արտգործնախարարությունները։

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Ղարաբաղյան հակամարտության մեր դիրքորոշումը

Ինչպես նշում են համանախագահները, շատ կարևոր է բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ պահպանելը։ Այս կապակցությամբ նրանք բարձր են գնահատել վերջին շրջանում առաջնագծում մահվան դեպքերի բացակայությունը։ Դիվանագետները ողջունում են առաջին քայլերը, որոնք իրականացվում են բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն, և կոչ են անում կողմերին շարունակել ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։

Միջնորդները ընդգծել են նաև շփման գծում ԵԱՀԿ դիտորդների մոնիտորինգային անկողմնակալ աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը։

Բացի այս, համանախագահները հորդորում են զերծ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են էապես փոխել իրավիճակը հակամարտության գոտում և ազդել բանակցությունների վրա։ Չի կարելի բանակցային ձևաչափում միակողմանի փոփոխություններ պահանջել` առանց մյուս կողմի համաձայնության, կամ ռազմական գործողությունների վերսկսման պատրաստակամություն ցուցադրել, կարծում են նրանք։

Որոշ սկզբունքներ կամ բաղադրիչներ մյուսներից վեր դասելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշիռ լուծման հասնելը, գրված է հայտարարության մեջ:

Երկար հարց, կարճ պատասխան. Ղարաբաղյան հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել

Համանախագահները պատրաստ են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպել ցանկացած ժամանակ և կոչ են անում երկու երկրների առաջնորդներին առաջիկայում վերսկսել բովանդակային բանակցությունները։

Դիվանագետները նշել են, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում Երևանի և Բաքվի մշտական ու անմիջական երկխոսությունը շարունակում է կարևոր լինել բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար։

Հիշեցնենք, որ հունվարի կեսերին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը բանակցություններ անցկացրին Փարիզում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո։