Ինչո՞ւ են ուշանում շոշափելի փոփոխությունները վառելիքի հայկական շուկայում

Շուտով կլրանա մեկ տարին, ինչ իրողություններ են փոխվել, նոր իշխանությունները հայտարարել են մենաշնորհների, կոռուպցիոն սխեմաների, բիզնես-հովանավորչության անթույլատրելիության մասին, սակայն կոնկրետ վառելիքի շուկայում այդպես էլ չեն հայտնվել նոր «խաղացողներ», որոնք կառաջարեն եղածից ավելի մատչելի և որակյալ բենզին կամ դիզվառելիք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Իշխանափոխությունից հետո տարբեր գործարարներ (այդ թվում՝ ժամանակին վառելիքի ներկրման ու իրացման ոլորտից դուրս մնացած) մենաշնորհների վերացման  հայտարարություններից հետո համակվել էին բենզին ու դիզվառելիք Հայաստան ներկրելու ոգևորությամբ:

Տնտեսագետ, ՀԱԿ տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյանը, Sputnik Արմենիայի եթերում անդրադառնալով վառելիքի շուկայի անցյալի և ընթացիկ խնդիրներին, նկատեց, որ այդ ոգևորությունն աստիճանաբար նվազել է:

«Սաշիկի մենաշնորհը». ինչպես Ստեփանավանի էկզոտիկ մուրաբան ու օղին հաղթեցին կեղծիքը

Հիմնվելով իր ուսումնասիրությունների վրա՝ Վահագն Խաչատրյանը ներկայացրեց վառելիքի ներկրման և իրացման շուկայում նախքան իշխանափոխությունը եղած արատավոր մոտեցումներն ու բարքերը` նշելով. «Մինչև 2003 թիվը եղել է վառելիքի (բենզին, դիզվառելիք) 23 մատակարար, հետո՝ 13, հետո, իսկ մինչև 2018թ. ապրիլյան դեպքերը մնացել են 5-ը: Այսինքն՝ խիստ մոնոպոլիզացվել է շուկան և դա պատահականորեն չի եղել: Դա եղել է ուղղակի կանխամտածված և իշխանության կողմից ուղղորդված:

Շուկայական մեխանիզմներ չեն գործել, գինը ձևավորվել է ոչ թե շուկայում, այլ առանձին սենյակներում, ամենաբարձր պաշտոնյաների կամ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի կողմից, որովհետև այն մարդիկ, ընկերությունները, որոնք 23-ից դարձել են 13, հետո` 5, դրանք որոշվել են երկրի ղեկավարի կողմից, ինքն է արտոնություններ տվել, թե ով պետք է վառելիքի շուկայում զբաղվի վառելիքի ներկրմամբ:

Վահագն Խաչատրյանն ընդգծեց, որ իր ասածը նորություն չէ: «Սա իրականություն է»,-ասաց նա:

Այդուհանդերձ, արդեն գրեթե մեկ տարի է, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել, նոր իշխանությունը հայտարարել է մենաշնորհների, կոռուպցիոն սխեմաների, բիզնես-հովանավորչության անթույլատրելիության մասին: Սակայն կոնկրետ վառելիքի շուկայում այդպես էլ չեն հայտնվել նոր «խաղացողներ», որոնք ավտոմեքենայատերերին կառաջարկեին եղածից ավելի մատչելի և որակյալ բենզին կամ դիզվառելիք:

Թաքնված «միլիոնատերեր» և դեմպինգ․ ինչո՞վ է ապրում Հայաստանի ծաղկի շուկան. լուսանկարներ

Վահագն Խաչատրյանը նշում է, որ իր վերլուծությունները ցույց են տալիս, որ դրա հիմանական խոչընդոտներից մեկը հարևան Վրաստանում նավահանգստային ծառայությունների և երկաթուղային բեռնափոխադրումների դիմաց պահանջվող կամայականորեն բարձր գներն են, որոնց հիմնականում բախվում են «նորեկ» գործարարները:

Հարցին, թե՝ տեսնո՞ւմ եք նախադրյալներ, որ վառելիքի շուկայում կարող են արմատապես ու շահեկան փոփոխություններ լինել, թե՞ դեռ պետք է մի որոշ ժամանակ էլ սպասել, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ պետք չի սպասել: Որքան խորացա այս հարցում, հասկացա, որ դա բարդ խնդիր չէ: Ուղղակի ես մի ուրիշ վերապահում ունեմ. հասկանում եմ, որ իշխանություններն այնքան առաջնահերթ խնդիրներ ունեն, որ դեռևս, ինչպես ասում են՝ ձեռքերը վերջնականապես սրան չեն հասել: Մի խնդիր էլ կա. գազը: Գիտեք՝ գազօգտագործող մեքենաների թիվն անհամեմատ շատացել է: Բայց ես համոզված եմ, որ ի վերջո այս հարցը կլուծվի, և այստեղ բիզնեսի ներկայացուցիչներն էլ պետք է շարունակեն պահանջել, այս հարցը բարձրացնել, և այս շուկայում մենք կասկածները մեր միջից հանենք»:

Ըստ Խաչատրյանի՝ հաճելի չէ, երբ Վրաստան ենք գնում ու վառելիքը ավելի մատչելի է, որակը՝ ավելի լավը, և անհասկանալի, թե ինչու պետք է գաս, սահմանն անցնես, ու արդեն չիմանաս՝ ինչ ես առնում, ինչ որակի ես առնում: