Հաղթանա՜կ. Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Չորս գոտեմարտ, նույնքան հաղթանակ, սա է ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանի արդյունքը Սերբիայի Նովի Սադ քաղաքում: 65կգ քաշային կարգում հայ ըմբիշը հավասարը չունեցավ մինչև 23 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Եվրոպայի երիտասարդների չեմպիոն ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը հերթական հաջողությունը գրանցեց իր անվան դիմաց: Ֆիզիկապես պինդ ու ճկուն Թևանյանը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում ուժերը չափեց վրացի Էդեմի Բոլկվաձեի հետ: Առաջին միավորը վաստակելուց հետո մրցակիցը ստիպված էր ենթարկվել Թևանյանի պարտադրած գոտեմարտին ու զիջեց երկու միավոր, հետևաբար Եվրոպայի չեմպիոնի մեդալը մեկնում է Հայաստան:

Սպիտակ արջը բարձրացավ էկրան. չեմպիոնի մայրը՝ մանկության, իսկ Արթուրը՝ նոր ծրագրերի մասին

Թևանյանը մրցաշարը սկսեց որակավորման փուլից, որում 8:6 հաշվով հաղթանակի հասավ ադրբեջանցի ըմբիշ, բայց Ֆրանսիան ներկայացնող Իլհամ Մուխտարովի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը ոչ մի շանս չտվեց թուրք մրցակցին: Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Թևանյանը այս դեպքում առավելության հասավ Սելիմ Կոզանի նկատմամբ 17:4 հաշվով: Իսկ կիսաեզրափակիչում դժվարին պայքարում Թևանյանը 2:1 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Մաքսիմ Սաքուլտանին:

Վազգեն Թևանյանից բացի, մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ նաև 74կգ քաշային Խաչատուր Պապիկյանը, որը կիսաեզրափակիչում պարտվեց ռուս Նիկիտա Սուչկովին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Պապիկյանը վաղը մրցելու է Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովի հետ: Հայաստանի հավաքականի մյուս ըմբշամարտիկներից ոչ մեկին չհաջողվեց հասնել մինչև կիսաեզրափակիչ: Եղան հաղթանակներ մեկնարկային գոտեմարտերում, որոնց, ցավոք, հաջորդեցին պարտությունները:

Այսպիսով, Սերբիայի մրցաշարում հայ ըմբիշներն արդեն վաստակել են մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ (հունահռոմեական ըմբիշ Սլավիկ Գալստյանը): Եթե Խաչատուր Պապիկյանին հաջողվի կանգնել պատվո պատվանդանի երրորդ աստիճանին, մենք կունենաք մեդալների ամբողջ հավաքածուն: