Առողջապահության նախկին փոխնախարարին ազատ արձակեցին գրավի դիմաց

Վահան Պողոսյանն ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ Պողոսյանն ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց։

«Բացի այդ, Վահան Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) հատկանիշներով»,–ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն մարտի 7-ին հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` նախաքննությամբ պարզվել էր, որ Պողոսյանը, 2011թ. դեկտեմբերից մինչև 2016թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում «ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի իրականացման բնագավառում նախարարության աշխատանքները համակարգող տեղակալի պաշտոնը, առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Վերջինս 2019թ. մարտի 7-ին ձերբակալվել է՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով: