Նիկոլ Փաշինյանը Շիրազ կարդաց Մարտի 8-ի կապակցությամբ. տեսանյութ

ՀՀ վարչապետն ինքնատիպ շնորհավորանք է հղել կանանց ու աղջիկներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտի 8-ի կապակցությամբ Հովհաննես Շիրազի «Գարնանամուտ» բանաստեղծությունն արտասանեց Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում։

«Սիրելի կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր, ուզում եմ շնորհավորել բոլորիդ Մարտի 8-ը և այդ առիթով պարզապես արտասանել Հովհաննես Շիրազի «Գարնանամուտ» բանաստեղծությունը»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Շիրազին մեծ համբավ բերած առաջինը գիրքը, որը լույս է տեսել 1935 թվականին, հենց «Գարնանամուտ» էր կոչվում։

Ստորև ներկայացնում ենք «Գարնանամուտ» բանաստեղծությունը.

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,

Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,

Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,

Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,―

Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին

Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,

Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին

Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,

― Ի՜նչ թարմություն,― ասացին,― ի՜նչ թարմություն,―

ու բացին

Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝

Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին

Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,

Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,

Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով

Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,

Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։