Մինչև Ապրիլի 7-ը ներառյալ… Մարտի 8 է. նախնիների ձևակերպած միասնության կարևոր ուղերձը

Մայրաքաղաքի է՛ն ամենակենտրոնում մի ժամանակ գովազդային մեծ վահանակ կար, հարցով՝ այդ ո՞ւր առանց ծաղիկ, հը՞ն…
Sputnik

Եվ իսկապես, ինչպե՞ս կարելի է Մարտի 8-ին շրջանցել մեզ կյանք, հետո կյանքին իմաստ, իմաստին բերկրանք ու գույն հաղորդող ամենակարևոր մարդկանց տոնական թեման: Ընկերներիցս մեկը կեսկատակ հարցրեց, թե այս տարի մարտի 8-ը ամսի քանիսի՞ն է: Ասացի՝ չգիտեմ, բայց մինչև Ապրիլի 7-ը ներառյալ, Մարտի 8 է:

Թաքնված «միլիոնատերեր» և դեմպինգ․ ինչո՞վ է ապրում Հայաստանի ծաղկի շուկան. լուսանկարներ

Այնպես որ, ամենից առաջ, սրտանց շնորհավորում ենք մեր սիրելի մայրերերին, կանանց, աղջիկներին: Մաղթանքները շատ են, ու բազմապիսի, բայց ամենակարևորներից մեկը այն ցանկությունն է, որ ձեզ որքան հնարավոր է, ուրախ ու ժպտադեմ տեսնենք, սիրելի կանայք: Չէ՞ որ ժպիտը կոսմետիկական ամենից հզոր միջոցն է, քանի որ այն հոգու կնճիռներն էլ է հարթում:

Թեպետ, մեկ օր առանձնացնելն ու դրա վրա կենտրոնանալը սոսկ պայմանականություն է: Իսկ մշտական ուշադրությունը, սերն ու հոգատարությունը՝ ա՛նպայմանականություն:

Ճիշտ է, Մարտի 8 երևույթը կանանց իրավահավասարության համար պայքարի հենքով է ծագել, սակայն հիմա այն արդեն այլ երանգ ու փաթեթափնջավորում է ստացել, հիմնականում սիրո, հարգանքի, ուշադրության, կանանց մեծարման նրբերանգներով պարուրված: Դե, իսկ մեր մայրապաշտ ժողովրդի համար դա առանձնահատուկ հնչեղություն ունի:

Ի դեպ, հատկանշական է, որ երբ տասնամյակներ առաջ ցանկացան Մարտի 8-ի տոնը, որպես «սոցիալիստական անցյալի մնացուկ» հանել տոնացույցից և փոխարինել Ապրիլի 7-ով, կանխատեսելի արդյունքն այն եղավ, որ հիմա և՛ Մարտի 8-ն ենք նշում, և՛ Ապրիլի 7-ը: Մնում է բոլորիս մաղթել ու հորդորել, որ բանը միայն նշումով չավարտվի:

       Ընդհանրապես, երբ իրավահավասարության մասին խոսակցություններ են ծավալվում, քննարկողների մի մասը թելերն այնպես է փորձում կծկել, որ մի տեսակ սկսում են առանձնացնել կանանց ու տղամարդկանց, հակադրել, կամ էլ՝ խառնել: Ասում են, աշխարհում գերզարգացած տեղեր կան, որ նույնիսկ մայր և հայր բառերն են փոխարինել «ծնող 1», «ծնող 2» անդեմ ու անսեռ արտահայտություններով: Զարգացածության հետադիմական վերջին ծղրտոցն է, երևի: Ըստ որում՝ անտեղի ու անհեռատես:

Ինչ ծաղիկներ է պետք նվիրել Մարտի 8-ին

Իրականն ու բնականը միասնությունն է. այն միասնությունը, որն օջախ է ձևավորում ու ջերմացնում, որը փայլում է մայրական խանդաղատանքով ու լուսավորվում մանկան թոթվանքով: Ու միասնության այդ կարևոր ուղերձը մեր նախնիներն են ձևակերպել, դեռ վաղնջական ժամանակներում, երբ մարդկային քաղաքակրթությունն ինքն էր դեռ մանուկ: Այն նախնիները, որ Արեգի պաշտամունքն ունեին. դե՝ Արեգակի, Արևի:

Հասկանալի է, որ ասվածը բացառապես սիրողական դիտարկում է, այլ ոչ թե գիտական, բայց, ամեն դեպքում: «Արեգ»-ը գիտեք, արեգակն է, բայց երբ մեջտեղից առանձնացնում ենք այդ չորս հնչյունը, ստացվում է՝ ար և էգ, այսինքն՝ արական ու իգական նախասկիզբները: Այդտեղից էլ՝ նույն արականն ու իգականը, թերևս:

Չքողարկված ակնարկն այն է, որ կյանքը լիարժեք իմաստավորվում ու կենարար ջերմություն է ստեղծում այդ երկու էությունների միասնությամբ, որպես Արեգ կամ Արեգակ:

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի կանայք և աղջիկներ: