Մահացել է Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը

Նշենք, որ պատրիարքը 2008 թվականից կորցրել է հիշողությունը և տառապում էր անբուժելի հիվանդությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Կյանքի 63–րդ տարում մահացել է Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը։

Մահացել է Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը

«Պատրիարքը մահացավ տեղական ժամանակով ժամը 12։30–ի կողմերը»,–ասաց Էստուկյանը` հավելելով, որ նոր պատրիարքի թեմայով քննարկումների համար ժողովներ կհրավիրեն Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը հուղարկավորությունից հետո միայն։

Հայերի վզին փաթաթված Աթեշյանը. Թուրքիան արգելքներ է ստեղծում Պոլսո Հայոց պատրիարքի համար

Նշենք, որ պատրիարքը 2008 թվականից կորցրել էր հիշողությունը և տառապում էր անբուժելի հիվանդությամբ։ Մեսրոպ Մութաֆյանի մոտ Ալցհեյմերի հիվանդություն էին ախտորոշել։ Նա մոտ 11 տարի է կոմայի մեջ է։

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը (ավազանի անունը՝ Մինաս-Վարդան) ծնվել է 1956 թվականին Ստամբուլում։

1977 թվականին Բերայի Սուրբ Երրորդություն եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ։ Նույն թվականին Բերայի Սուրբ Երրորդություն եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Մեսրոպ աբեղա։ 1982 թվականին Երուսաղեմում ստանձնել է մագիստրոսի գիտական աստիճան։ Այնուհետև վերադարձել է Ստամբուլ և աշխատանքի անցել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանում՝ որպես քարտուղար։

1990 թվականին նշանակվել Պոլսի պատրիարքարանի կրոնական ժողովների ատենապետ։ 1990 թվականին նշանակվել է Միջեկեղեցական հարաբերությունների պատրիարքական փոխանորդ։ 1998 թվականի հոկտեմբերի 14-ին Պատգամավորական ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք։ 2003 թվականին Վաշինգտոնի Սենտ Մերի համալսարանի կողմից արժանացել է պատվավոր դոկտորի կոչման։

Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարքի ընտրությունների շուրջ անորոշ և լարված իրավիճակ է ստեղծվել Մուփաֆյանի` կոմայի մեջ հայտնվելուց հետո։ Որոշվել էր Պոլսո աթոռը հանձնել պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին, բայց նա չարդարացրեց ո՛չ Թուրքիայի հայ համայնքի, ո՛չ էլ Պատրիարքարանի հոգևոր խորհրդի սպասումները։ Նա շատ արագ թուրքական իշխանությունների դրածոյի համբավ ձեռք բերեց։ Աթեշյանը պարծենում է Ռեջեփ Էրդողանի հետ ջերմ հարաբերություններով։

Հասարակական կազմակերպություններն ու Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները մտադիր չեն համակերպվել արքեպիսկոպոս և փոխանորդ Արամ Աթեշյանի դավաճանության հետ, որը փաստորեն Թուրքիայի իշխանության թեթև ձեռքով ձախողել է պատրիարքի օրինական ընտրությունները` նպատակ ունենալով մնալ փոխանորդի պաշտոնում։