Շատ դժվար որոշում էր. Մակունցը պատմել է` ինչու է քաղաքականություն եկել

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար և մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը պատմել է իր պաշտոնի, հայ կնոջ կերպարի և գործունեության ոլորտի ընտրության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. ՀՀ մշակույթի նախարարի պատասխանատու պաշտոնին նշանակումը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի համար մարտահրավեր է դարձել։ Այս մասին նա պատմեց այսօր լրագրողների հետ զրույցում։

Քաղաքական «ջոկողություն», կամ նախարարները միայն «Իմ քայլինը» չեն

«Շատ դժվար էր, երբ ինձ նշանակեցին այդ պաշտոնին։ Ինձ, որպես երիտասարդ կադր, որպես կին, ավելի դժվար էր, սակայն ես մտածում էի այն մասին, որ իրավունք չունեմ հանձնվելու, քանի որ դա հասարակության համար վատ ազդանշան կլինի», – ասաց Մակունցը։

Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է հավասարակշռության գալ և աշխատել այն ուղղությամբ, որ երկրի հասարակաքաղաքական կյանքում հնարավորինս շատ կին ներգրավված լինի։

ՀՀ մարզերում աշխատելու փորձից ելնելով` նա գիտի, թե ինչ ուժեղ և պատասխանատվությունից չխուսափող կանայք են լինում այնտեղ։

«Ուժեղ մարդը պատասխանատվությունից չի խուսափում», – ասաց Մակունցը։

Մակունց. «Նախարարների հետ հանդիպումների երկրորդ փուլը պետք է հրապարակային լինի»

Քաղաքական գործունեությամբ զբաղվելու ցանկություն Մակունցի մոտ առաջացել է 6-7 տարեկանում։ Ընտանիքում միշտ ուշադիր հետևել են ինչպես երկրում, այնպես էլ երկրից դուրս ծավալվող քաղաքական գործընթացներին։

Մակունցը լսում էր քաղաքական գործիչների ելույթները, նրա հիշողության մեջ դրոշմվել է մի կին` նա հայ չէր։

«Չէի հասկանում, ինչ է նա խոսում ոչ թե լեզվի պատճառով, այլ էության։ 6-7 տարեկան երեխային դժվար է հասկանալ քաղաքական գործընթացների էությունը։ Սակայն նայելով նրան, հասկացա, որ ուզում եմ նրա նման լինել», – ասաց Մակունցը։

Հանրության առաջ ելույթ ունենալով` «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը միշտ մտածում է այն մասին, որ նրան հետևում են երիտասարդ աղջիկները, և դրանից պատասխանատվության բեռը միայն մեծանում է։

Հիշեցնենք, որ Մակունցը մայիսի 12-ին մշակույթի նախարար էր նշանակվել։ 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, նա գլխավորեց «Իմ քայլը» խմբակցությունը։

Մակունցը բանասիրական գիտությունների թեկնածու է, անգլերենի մասնագետ, նախկինում դասավանդել է Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանում։