ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Մեյքափի գուրու Գոհար Ավետիսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ նա կրքոտ պար է պարում։
«Երբ ֆիթնեսի գնալու ուժ չկա, Ակոպբիրի հետ պարերն են փրկում», – տեսանյութին կից գրել է Գոհարը։
Կադրերում դիմահարդարը տանգո է պարում իր աշխատակիցներից մեկի` Ակոպբիրի հետ։ Տղամարդը սենյակ է մտնում` ատամներով դեղին վարդ բռնած։ Գոհարը ծաղիկը խլում է նրա բերանից և դեն շպրտում, որից հետո զույգը միասին պարում է և ծիծաղում անճոռնի շարժումների վրա։
Բաժանորդները շատ են հավանել տեսանյութը, այն մի քանի ժամվա ընթացքում դիտել են ավելի քան 1 մլն անգամ։ Իսկ հայուհու երկրպագուները սկսել են շնորհավորել դիմահարդարին` Մարտի 8-ի առթիվ։
«Շնորհավոր ձեր տոնը, գեղեցկության աստվածուհի», – գրել է kn_080517–ը։
«Ծիծաղելի ես, բայց հիասքանչ, տոնդ շնորհավոր, գեղեցկուհի։ Երջանկություն սիրո մեջ», – նշել է andegri25229–ը։
Հիշեցնենք` Գոհար Ավետիսյանը վերջերս լուսանկար էր հրապարակել ու վերջապես պատասխանել համացանցի օգտատերերին ու երկրպագուներին հետաքրքրող հարցին։ Նա խոստովանել էր, որ իսկապես բաժանվել է ամուսնուց ու հիմա մենակ է ապրում։
Գոհար Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան հինգ միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։
Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:
Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի: