Երևանում վարորդները բողոքի ցույց են կազմակերպել. ի՞նչն է պատճառը

Վարորդները հրաժարվում են երթուղի դուրս գալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Երևանում գործող երթուղիների վարորդները գործադուլ են հայտարարել, նրանք բողոքում են ավտոբուսներում տեղադրված տեսախցիկներից։ Վաղ առավոտից քաղաքաբնակները չեն կարողանում հասնել աշխատավայր։ Տաքսի ծառայությունները հիմնականում չեն արձագանքում կանչերին։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն Facebook սոցիալական ցանցում անդրադարձել է խնդրին։

«Երևանում հանրային ուղեւորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի»,– գրել է նա։

Ըստ Կարապետյանի` այս պահին խնդիրը կարգավորվում է։

«Վարորդների հսկողության այս մեթոդը կկիրառվի բոլոր երթուղայիններում, երբ Երևանում գործարկվի նոր տրանսպորտը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարապետյանը։

Գործադուլ է անում Ջրվեժի և Չարբախի ավտոբուսային պարկը։

Բողոքող վարորդների հետ բանակցում են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։