ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ գիշեր «Աստղիկ» բժշկական կենտրոն դանակահարված երիտասարդ է տեղափոխվել։ 22-ամյա տղայի կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքներ են եղել։
Դեպքի վերաբերյալ փորձեցինք տեղեկություն ճշտել ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ Մեզ տեղեկացրեցին, որ ոստիկանության Մալաթիայի բաժնում հիվանդանոցից ահազանգ է եղել։
Հոսպիտալացված երիտասարդը ասել է, որ վնասվածքը ստացել է փողոցում ընկնելու հետևանքով, սակայն նրա հայտնածը իրականությանը չի համապատասխանում։
Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի 24\2 շենքի բակում վեճ է տեղի ունեցել, որի ժամանակ էլ երիտասարդը կտրած-ծակած վնասվածքներ է ստացել։
Նա հրաժարվել է հաղորդում տալ։ Նշված շենքի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդ, որը կասկածվում է վնասվածքները պատճառելու մեջ, տարված բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է ոստիկանություն։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։