ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց ուժը կորցրած ճանաչել նախկինում գործող բոլոր տեսչությունների մասին իրավական ակտերը։ Այսպիսով կառավարությունն ըստ էության վերջին քայլ արեց պետական տեսչությունները լուծարելու ուղղությամբ։ Դրանց մասին այլևս օրենքներում էլ չի հիշատակվի։
Որոշումը մասնավորապես վերաբերում է Լեզվի պետական տեսչությանը, Քաղաքաշինական պետական տեսչությանը, պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը, տրանսպորտային տեսչությանը, գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությանը, կրթության պետական տեսչությանը, պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանը, էներգետիկայի պետական տեսչությանը, կրթության պետական տեսչությանը, գեոդեզիայի և հողային պետական տեսչությանը, ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչությանը։
Որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում ստեղծվել են պետական նոր մարմիններ, որոնք իրականացնում են տեսչական գործառույթներ։
Արդյունքում նախարարությունների կազմում գործող բոլոր տեսչությունների գործունեությունը դադարեցվել էր։