Տոհմային երինջների ներկրման ծրագիրն ու դրա հետևանքները. Կառավարությունը ներում է պարտքերը

ՀՀ կառավարությունը որոշել է ներել առավել քան 130 միլիոն դրամի տույժը, որպեսզի շահառուները չսնանկանան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Հայաստանի անասնաբուծական ընկերությունները հայտնվել են ֆինանսական ծանր պայմաններում: Այս մասին է վկայում ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշումը:

Դրանով գործադիրը որոշեց ներել հայաստանյան ընկերությունների ունեցած պարտքերի վրա ավելացած տույժերը` նրանց հնարավորություն տալով վճարել պարտքերի միայն մայր գումարները:

«Կաթնային» մթերք, բակային միս, «պերեխոդի քյաբաբնոցներ». Սննդի տեսչության ցավոտ հարցերը

Որոշման առանցքում 2007-2015թթ-ին պետական ծրագրի շրջանակներում Հայաստան ներկրված 2506 գլուխ տոհմային երինջների դիմաց տարաժամկետ վճարման պայմանագրերն են, որոնց համաձայն` ընկերությունները պարտավոր էին 4 տարվա ընթացքում վճարել պետությանն ունեցած պարտքը:

Տոհմային երինջների բազայի հիման վրա ձևավորվել էին մի շարք տոհմային տնտեսություններ, որոնցից առաջատարներն են «Արզնի», «Վամաքս», «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերությունները: Այս ընկերություններին ընդհանուր թվով տրամադրվել է 924 գլուխ երինջ:

Նույն թվականներին ստեղծված 40 ընկերություններ չեն կայացել` կաթի իրացման ցածր գների և կաթի դիմաց վճարումների ուշացումների պատճառով: Հետևանքը եղել է այն, որ պարտքի վրա առաջացել են տույժեր, գործերն ուղարկվել են դատարան:

2018 թվականի հուլիսի 2-ի դրությամբ ժամկետանց պարտավորություն ունեն 49 տնտեսավարող սուբյեկտ, դրանցից 8-ը սնանկ են ճանաչվել, 11-ը պարտքի դիմաց զրկվել են գույքից:

Կառավարությունը կարծում է, որ բռնագանձումները կարող են հանգեցնել առավել մեծ թվով շահառուների սնանկացման, ուստի որպես պետական աջակցություն որոշում է ներել նրանց կուտակած 136 050 080 ՀՀ դրամ տույժը` հնարավորություն տալով վճարել 888 889 373 դրամ մայր գումարը: