Պաշտոնյաների գույքի ու եկամտի հայտարարագրումն օդի մեջ է. ի՞նչ է առաջարկում Զեյնալյանը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման նախագիծն ուղարկվեց Ազգային ժողով` արտահերթ կարգով քննարկման ու ընդունման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրման գործընթացը մնացել է օդի մեջ: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Կառավարությունը լուծարեց «Հայրենիք-սփյուռք կենտրոնը»

Նա հիշեցրեց, որ 2017 թվականի հունիսի 9-ին ընդունվել էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում էր սահմանադրական կարգավորումների համատեքստում ձևավորել ինքնավար մարմին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

«2018 թվականի ապրիլի 10-ից ուժի մեջ են մտել օրենքի 9-15-րդ հոդվածները, որոնցով կարգավորվում են հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները, հանձնաժողովի կազմավորման, մրցույթի անցկացման և մրցույթում հաղթողների ցուցակն Ազգային ժողով ներկայացնելու հետ կապված հարաբերությունները, սակայն մինչ օրս Հանձնաժողովը չի կազմավորվել»,- ասաց Զեյնալյանը:

Նա առաջարկեց անհետաձգելի կարգով ընդունել հանձնաժողովի ստեղծման մասին նախագիծն ու այն ուղարկել ԱԺ` արտահերթ կարգով քննարկման ու ընդունման: «Մենք պետք է արձանագրենք մի բան, որ Հայաստանում հակակոռուպցիոն համակարգը պետք է լիարժեք ներդրվի ու իրականացվի: Մեր միակ մտավախությունը կարող է լինել այն, որ իշխանության կառույցների միջև դիսբալանս չառաջանա»,- ասաց Փաշինյանը`առաջարկելով նախագիծն ընդգրկել մարտի 13-ին հրավիրվող ԱԺ արտահերթ նիստում:

Որոշման կարևորությունը ՀՀ վարչապետը մեկնաբանեց նրանով, որ մարտի 20-ին լրանում է բարձրաստիճան պաշտոնյաների 2018թ-ի հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը: