Իռլանդական Ryanair ավիաընկերությունն առայժմ Հայաստան չի գա

Հայկական թերթերից մեկը հայտնել էր, որ ՀՀ քաղավիացիայի ներկայացուցիչներն ու իռլանդական ընկերությունը արդյունավետ հանդիպում են անցկացրել Դուբլինում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. «Ryanair» ընկերությունն առայժմ չի հաստատում հայկական շուկա գալու տեղեկությունը։

Այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ եվրոպական «Ryanair» լոուքոստերը պատրաստվում է հայկական շուկա մուտք գործել։

«Մենք դրա մասին պաշտոնական տեղեկություն դեռ չունենք», – Sputnik Արմենիային հայտնեցին ընկերությունից` ի պատասխան հարցմանը, թե արդյոք պատրաստվում են աշխատել Հայաստանում։

Ըստ թերթի` ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և ավիաընկերության ղեկավար կազմերի միջև Դուբլինում տեղի ունեցած բանակցությունները բավական արդյունավետ են ընթանում և արդեն ավարտական փուլում են։

Ryanair–ն իռլանդական ավիաընկերությունն է, Եվրոպայի խոշորագույն լոուքոստերը։