Ամսվա աշխատանքների ամփոփ վիճակագրություն. ի՞նչ են արել հայ մասնագետները Սիրիայում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը համառոտ ներկայացրել է, թե ինչ աշխատանք է կատարել Հայաստանից մեկնած մասնագետների խումբը Սիրիայում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Մինչ օրս Սիրիայում հայ մասնագետներն ականազերծել են ավելի քան 10510մ քառակուսի մետր տարածք:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ իր Facebook-ի էջի միջոցով:

«Հայտնաբերվել և ոչնչացվել են հակատանկային և այլ տեսակի հարյուրավոր ականներ, ավիառումբի չպայթեցված մասնիկներ: Բժիշկները փետրվարի 18-ից առ այսօր, ցուցաբերել են 50 վիրաբուժական և մոտ 100 թերապևտիկ բնույթի օգնություն: Իրականացվել է 160 կլինիկական, կենսաքիմիական և հորմոնալ լաբորատոր հետազոտություն», տեղեկացրել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 8–ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը Հայաստանից մեկնել է Սիրիա։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։