Երբ Արցախը նստի բանակցային սեղանի մոտ, Ադրբեջանի քարոզչության մեխը կքանդվի. Քոչարյան

Հակամարտության հիմնական կողմերն Արցախն ու Ադրբեջանն են։ Հայաստանը ներքաշված կողմ է։ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում խոսել է Արցախը` բանակցային սեղանի մոտ վերադարձնելու նախաձեռնության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Փաշինյան–Ալիև հանդիպման ժամկետները դեռ հայտնի չեն։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Երկար հարց, կարճ պատասխան. Ղարաբաղյան հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել

«Հարցը դեռ համաձայնեցվում է»,- նշեց Քոչարյանը` կարծիք հայտնելով, որ հանդիպումը շատ չի ուշանա։

Արձագանքելով ՀՀ նոր իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին, թե նրանք հրաժարվել են Արցախի հարցում Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից` Քոչարյանը չհամաձայնեց այդ մեղադրանքների հետ` միաժամանակ հավելելով, որ այդ պայմանավորվածությունների որոշ կետեր կյանքի չեն կոչվում Ադրբեջանի պատճառով։

«Ցանկացած հանդիպում ավելի նախընտրելի է, քան ռազմական գործողությունների վերսկսումը։ Առ այսօր հանդիպումներն ուղղված էին նաև ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը նվազեցնելուն»,– ասաց Քոչարյանը` արձագանքելով Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման պարագայում այդ երկրի նախագհի հետ հանդիպման գնալու Հայաստանի իշխանության դիրքորոշման մասին հարցին։

Արցախը բանակցային սեղան վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի առաջարկի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշման մասին հարցին էլ փոխնախարարն այսպես պատասխանեց. «Իրենք շատ լավ հասկանում են, որ դա պետք է լինի միայն կողմերի համաձայնությամբ։ Տվյալ պարագայում խնդիրը կայանում է նրանում, որ Բաքվի համար դա շատ ծանր քայլ է, և ինքն ամեն գնով ձգտելու է, որպեսզի դա չլինի։ Քանի որ այն պահից, երբ ԼՂՀ–ն որպես լիարժեք բանակցային կողմ նստի բանակցային սեղանի շուրջ, իրենց ամբողջ քարոզչական մեքենայի մեխը քանդվելու է»։

Այս իրավիճակում Քոչարյանը բնական է համարում Ադրբեջանի բուռն դիմադրությունը` Արցախը բանակցային կողմ դարձնելու Հայաստանի առաջարկին։ Իսկ միջազգային հանրությունը, ըստ Քոչարյանի, այս հարցում պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի նկատմամբ, քանի որ անտրամաբանական է խոսել խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններին չի մասնակցում հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը։

Քոչարյանն ընդգծեց` իսկ հակամարտության հիմանական կողմերը Արցախն ու Ադրբեջանն են, Հայաստանը ներքաշված կողմ է։