ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. PAL-V հոլանդական ընկերությունն առաջինն է, որին հաջողվել է իրականություն դարձնել հանրահայտ «5–րդ տարրը» ֆիլմում տեսած հրաշքը` թռչող մեքենան։ Ցավոք, այն դեռ այնքան էլ նման չէ վերոնշյալ հրաշքին և ավելի շատ անիվներով ուղղաթիռ է հիշեցնում։
Թռչող ավտոմեքենան` PAL-V Liberty Pioneer Edition–ը, ներկայացվել է Ժնևյան միջազգային ավտոսալոնում։ Ընկերությունը մտադիր է թողարկել 90 թռչող մեքենա։ Ապարատն ունի ավտոժիրի կառուցվածք, վրան հսկայական պտուտակ կա, որի միջոցով կոնստրուկցիան օդ է բարձրանում։ Մեքենայի կառուցվածքը անվտանգ վայրէջք է երաշխավորում անգամ շատ լուրջ խափանման դեպքում։ Եթե ինչ–որ հանգամանքների բերումով թռիչքն անհնար է դառնում, ապա այն կարելի է օգտագործել որպես սովորական ավտոմեքենա. պտուտակը խնամքով ծալվում է։
Թռչող ավտոմեքենան աշխատում է բենզինով, սակայն ոչ թե շարժիչն է աղմկում, այլ պտտվող թիակները։ Երբ քաղաքները պատրաստ լինեն թռչող տրանսպորտի այս տեսակին, ընկերությունը շատ արագ կկարողանա սարքը համապատասխանեցնել քաղաքային պայմաններին. հնարավորություն կլինի մեքենան լիցքավորել յուրաքանչյուր լցակայանում և կայանել ավտոտնակում։ Բենզաբաքի տարողությունը 100 լիտր է. մեկ ժամում «թռչունը» ծախսում է 26 լիտր վառելիք։ 1 ժամում կարողանում է անցնել մոտ 289 կիլոմետր տարածություն։
Մեքենայի «ծնողները» երաշխավորում են, որ 40 ժամը բավարար է այս ապարատին լիովին տիրապետելու համար, ինչը շատ անհավատալի է, քանի որ ուղղաթիռ–մեքենայի կառավարման վահանակը, ինչպես իսկական ուղղաթիռինը, լի է բազմազան կոճակներով և անջատիչներով։
Ավտոմեքենայի գնի վերաբերյալ տեղեկությունները հակասական են։ Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ այն հնարավոր կլինի գնել 369 հազար դոլարով, ուրիշներ էլ գրում են, որ արժեքը 499 հազար եվրո է։
Հիշեցնենք, որ Audi–ն, Airbus–ը, Uber–ը և շատ այլ ընկերություններ նույնպես փորձում են ստեղծել թռչող մեքենա, սակայն մինչ այս պահը նրանց միայն հաջողվել է ցույց տալ իրենց արտադրանքների կոնցեպտները։