«Կաթնային» մթերք, բակային միս, «պերեխոդի քյաբաբնոցներ». Սննդի տեսչության ցավոտ հարցերը

2019 թվականի հուլիսից Հայաստանում պետք է ավելի խիստ հետևեն կաթնամթերքի տուփերի վրա առկա գրություններին։ Իսկ մսի և շաուրմայի հետ կապված հարցը դեռ չի լուծվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Բնական և ոչ բնական կաթնամթերքն առանձին վաճառելու պահանջները կարելի է ուսումնասիրել։ Սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը։

«Կաթնամթերքի շուկայում հսկողությունը պետք է չափազանց խիստ լինի». Բաբկեն Պիպոյան

Նրա խոսքով` նման գաղափար է քննարկվում Ռուսաստանում, և այդ փորձը կարելի է կիրառել նաև Հայաստանում։ Այսպես թե այնպես Հայաստանում հուլիսից վերջնականապես կսկսեն գործել կաթնամթերքի մասին ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի նոր պահանջները։ Կաթնայուղի փոխարինիչներով, այդ թվում նաև տրանսճարպեր պարունակող արտադրանքը պետք է հստակ մակնշում ունենա։  Պետք է նշվի ամեն ինչ` կաթնային ճարպ է, թե բուսական, սովորական, թե տրանսճարպ (հեղուկ, որը պնդացվել է)։

«Կարելի է մտածել նաև այն մասին, որ խանութներում այս մթերքն առանձին դարակներում վաճառվի, որպեսզի նույնիսկ վիզուալ առումով չշփոթեն կաթնամթերքի հետ», – ավելացրեց Դանիելյանը։

Ինչ վերաբերում է մսամթերքին, ապա մինչև վերջ չի լուծվել անասուների մորթի հետ կապված հարցը։ Այն գրաֆիկի համաձայն, որն ընդունել էր Կարեն Կարապետյանի կառավարությունը, հանրապետությունում արգելվում էր բակում մորթած անասունի միս վաճառել 2018 թվականի հուլիսի 1-ից։ Անասունների մորթն ամբողջությամբ պետք է տեղափոխվեր սպանդանոցներ։

Կառավարությունը փորձում է վերականգնել կաթի որակը

Սակայն այս պահանջը առայժմ գործում է պետական գնումների շրջանակում իրականացրած մսի համար։ Մանրածախ վաճառքում ոչինչ չի փոխվել։ Երկրում առկա սպանդանոցների թիվը չի բավականացնում, իսկ գյուղացիները չեն ցանկանում անասուններին բեռնատարներով 10-20 կմ տանել ու բերել և վճարել մորթի համար։ Կառավարությունը դեռ չի որոշել` սպանդանոցների հարցում  պետք է առաջ մղի նախորդների նախաձեռնությունը, թե ոչ։ Այդուհանդերձ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա վաճառքից առաջ միսը պետք է հետազոտի անասնաբույժը։ Իսկ 2017 թվականի նոյեմբերի 1-ից արգելված է առանց սանիտարական անձնագիր ունենալու ֆուրգոններով հաց և միս տեղափոխելը։ Այլ կերպ ասած, խանութները չպետք է ընդունեն այս մթերքները ավտոմեքենայի բեռնախցիկից։ Հարցն այն է, թե ինչպես է իրականացվում սպանդն ու պահվում միսը խանութ հասնելուց առաջ։

Մեկ այլ հարց էլ կա, որը դեռ բաց է մնում։ Խոսքը հանրային սննդի կետերի ստուգումների մասին է։ 2009 թվականից տեսչական ստուգումները (բացի հարկայինից) դադարեցվել են բոլոր ընկերություններում, որոնց շրջանառությունը 70 մլն դրամի չի հասնում։ Այդ կետերում ստուգումներ են իրականացվում միայն ահազանգի դեպքում։

Հարկի յուղոտ համը. ինչու Հայաստանի խանութներն «էն» պանիրը չեն վաճառում

«Հարցն այն է, որ փոքր բիզնեսն ինքը չպետք է բանը հասցնի այդ ահազանգին»,– ավելացրեց Դանիելյանը։ Պետությունը քյաբաբ կամ շաուրմա վաճառող փոքր կրպակները չի ստուգում` ամեն կերպ թեթևացնելով փոքր բիզնեսի աշխատանքը։ «Բայց իրենք էլ իրենց կողմից պետք է պատասխանատու լինեն, որովհետև գործ ունեն հազարավոր մարդկանց առողջության հետ»,– ընդգծեց Դանիելյանը։

Նրա խոսքով` փոքր բիզնեսի պլանային ստուգումները չեն վերականգնվի. այս ընթացակարգային արտոնությունն ուժի մեջ կմնա։