ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Տնտեսական աճը, կայուն և արագ զարգացումը երկրում աղքատությունը հաղթահարելու հիմնական գործիքներն են։ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանն այս մասին ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ հանդիպման ժամանակ:
«Համաշխարհային բանկի հետ իրականացվող համատեղ ծրագրերը պետք է միտված լինեն առկա խնդիրների լուծմանը այդ գործիքների միջոցով»,– ասել է նա:
Ընդգծելով Համաշխարհային բանկի հետ արդյունավետ փոխգործակցությունը՝ Հանրապետության նախագահը նշել է, որ միջազգային ֆինանսական կառույցների` ՀԲ-ի հետ աշխատանքը շատ կարևոր է մեր երկրի համար:
Սիլվի Բոսութղոն նշել է, որ պատրաստվում է Հայաստանի հետ առաջիկա չորս տարվա համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթուղթը: Այն խարսխված է լինելու երեք հիմնասյուների վրա՝ արտահանման խթանում ու մրցունակություն, մարդկային կապիտալի զարգացում և բնապահպանություն ու ռեսուրսների կառավարում:
Երկրի ապագայի համար կարևորելով բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության զարգացումը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այդ համատեքստում իր ջանքերն ուղղված են բարձր տեխնոլոգիաների ու նորարարությունների խրախուսմանը և այստեղ կա արդյունավետ գործակցության մեծ ներուժ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Համաշխարհային բանկի փոխգործակցության օրակարգի մի շարք հարցերի: