Արմեն Սարգսյանն անձամբ այցելել և պարգևատրել է ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանին. տեսանյութ

ՀՀ նախագահը ջերմ ու մտերմիկ զրույց է ունեցել իր դասախոսի հետ, հիշել համալսարանական ուսանողության տարիները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գիտության ասպարեզում ներդրած ավանդի համար անվանի ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի՝ ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ Դավիթ Սեդրակյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Արմեն Սարգսյանն այսօր անձամբ է այցելել անվանի ֆիզիկոսին և հանձնել Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևը:

Արմեն Սարգսյանը ջերմ ու մտերմիկ զրույց է ունեցել իր վաղեմի դասախոսի հետ, հիշել համալսարանական ուսանողության տարիները և պրոֆեսոր Սեդրակյանի կարդացած հետաքրքիր դասախոսություններն, ինչպես նաև նրա հիմնած «Աստղաֆիզիկա» ամսագիրը։

Արմեն Սարգսյանն անձամբ այցելել և պարգևատրել է ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանին. տեսանյութ

Նշելով, որ ակադեմիկոս Սեդրակյանը կրթել, գիտելիք ու մասնագիտական հմտություններ է փոխանցել բազմաթիվ սերունդների՝ Հանրապետության նախագահը նրան մաղթել է առողջություն և ամենայն բարիք: