Հայաստանի խորհրդարանը «ներեց» զորակոչից խուսափած 27 տարին լրացած անձանց

Օրինագծի ընդունումը թույլ կտա 2 հազար երիտասարդների վերադառնալ Հայաստան առանց քրեական հետապնդման սպառնալիքի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ միաձայն ընդունեց օրինագծի շտկումները, որը զինվորական ծառայությունից խուսափած 27 տարեկան երիտասարդներին ազատում է քրեական հետապնդումից համապատասխան տուգանք վճարելու դեպքում։

«Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխությունները հնարավորություն կտան քաղաքացիներին, որոնք 2018թ.–ին և մինչև 2019թ.–ի մարտի 1–ը դարձել են 27 տարեկան, վերադառնալ Հայաստան, համապատասխան գումար վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից։ Գործող օրենքը վերաբերում էր նրանց, ովքեր մինչև 2018թ–ը դարձել են 27 տարեկան։

ԱԺ–ն առաջարկում է «ներել» 27 տարեկան այն երիտասարդներին, որոնք բանակում չեն ծառայել

«Կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք սպասում են այս օրինագծի ընդունմանը, ուստի մենք նախաձեռնել ենք դրա քննարկումը։ Այն կվերաբերի մոտ 2 հազար հոգու», – նախօրեին նախագիծը ներկայացնելիս հայտարարել էր օրինագծի հեղինակներից մեկը` «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Նրա խոսքով` զինվորական ծառայությունից խուսափել է մոտ 11 հազար մարդ (տվյալները Սփյուռքի նախկին նախարար և «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանինն է)։

Նշենք, որ փետրվարի վերջին պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի քննարկումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ ներկա պահին 27-35 տարեկան 3225 զինապարտ է հետախուզվում։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ–ն վիճակագրություն էր ներկայացրել 27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների վերաբերյալ` հայտնելով, որ 2003 թվականից ընդհանուր առմամբ 9985 քաղաքացի սահմանված կարգով վճարել է գումարը և ազատվել քրեական հետապնդումից։ Օրենքի համաձայն՝ նշված ժամանակահատվածում ՀՀ ՊՆ հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 11 մլրդ 81 մլն 46 հազ ՀՀ դրամ: Այդ գումարներն օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար՝ ՀՀ կառավարության սահմանված կարգով:

Նշենք, որ օրենքի համաձայն (ժամկետները ամեն տարի երկարացվում են) 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են խուսափել քրեական հետապնդումից` վճարելով սահմանված 1,8 մլն դրամ տուգանքը։