Յոհաննես Հանը և Ժան-Կլոդ Յունկերը խոստացել են աջակցել վիզաների ազատականացման հարցում

Բրյուսելում լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ Յոհաննես Հանը և Ժան-Կլոդ Յունկերը անդրադարձել են նաև վիզաների ազատականացման խնդրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Ինչքան ավելի շատ Հայաստանի Հանրապետությունը բարեփոխվի, այնքան ավելի շատ մենք կաջակցենք ՀՀ-ին՝ և՛ ֆինանսապես, և՛ քաղաքականապես:

Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Փաշինյանը Բրյուսելում պատմել է տարածաշրջանի վրա արցախյան հակամարտության ազդեցության մասին

«Մենք Հայաստանին 2017-2020 թվականների համար նախատեսել ենք 176 մլն եվրոյի աջակցություն տրամադրել մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար բարեփումնեևրի համար: Բայց ինչպես պարոն վարչապետը բազմաթիվ անգամ նշել է՝ շատ աշխատանք կա անելու՝ հատկապես հակակոռուպցիոն ուղղությամբ և դատական բարեփոխումների ոլորտում: Մենք գիտենք, որ վարչապետն այդ նպատակներին լուրջ է վերաբերվում և նպատակադրված է այդ ուղղությամբ աշխատել: Մենք խոսել ենք նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մասին: Այսօր ինչպես արդեն մի քանի անգամ նշել ենք՝ տեխնիկական պայմաններն արդեն բավարարված են և հիմա ժամանակն է բոլոր անդամ պետությունների հետ համագործակցել այս հարցի շուրջ, որպեսզի մենք միասին կարողանանք ազատ առաջ շարժվել»,–նույն հանդիպմանն ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

Նա նաև խոստացել է, որ ինքը, ինչպես նաև հանձնակատար Հանը, պատրաստ են աջակցել այս պրոցեսին, ավելի ուժեղ երկխոսություն կծավալվեն այն անդամ պետությունների հետ, որոնք հետևողական են այս հարցում:

«Բայց մենք՝ որպես Եվրոպական հանձնաժողով, կողմ ենք վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները սկսելուն, ինչքան հնարավոր է շուտ: Սա կարևոր է և՛ Հայաստանի համար, և՛ Եվրամիության: Սա մի հարց է, որին մենք շատ նվիրված ենք, մենք ուզում ենք, որ ավելի շատ հայեր ճամփորդեն Եվրամիություն և հակառակը. ավելի շատ, քան առաջ: Մենք չենք ուզում, որ մարդիկ մեզ ընկալեն միայն ինստիտուտների միջոցով, մենք ուզում ենք, որ մարդիկ ճամփորդեն ազատ, հայերը ազատ գան Եվրոպա՝ առանց վիզայի, որպեսզի մեզ ավելի մոտիկից և լավ ճանաչեն»,–ասել է Յունկերը:

Պետք է ասեմ, որ Հայաստանը և Եվրամիությունը միասին են առաջ քայլում: Ես խոսքս ուղղում եմ հիմնականում ասուլիսի հայ մասնակիցներին՝ մենք դաշնակիցներ ենք և մենք պատրաստ ենք Հայաստանին օգնել այնքան, ինչքան կցանկանա, որ մենք օգնենք: