Հայաստանի և Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանն այսօր` մարտի 5-ին, կդառնար 60 տարեկան, եթե չլիներ հոկտեմբերի 27-ի հանցագործությունը։
1999 թվականի հոկտեմբերի 27-ին, 40 տարեկանում, նա սպանվեց խորհրդարանի շենք մուտք գործած մի զինված խմբի կողմից։
Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը, որին ժողովուրդը «Սպարապետ» պատվանունով է կնքել:
Մինչև 1994 թվականը նա տարբեր կարգավիճակներում ու տարբեր պաշտոնններում մասնակցել է արցախյան ազատամարտին։ Արցախի համար օրհասական պահին հենց Վազգեն Սարգսյանի կոչով ստեղծվեց մահապարտների գունդը։
Վազգեն Սարգսյանն արժանացել է Հայաստանի և Արցախի ազգային հերոսների բարձրագույն կոչման։