Սլավիկ Գալստյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ

Մինչև 23 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության 63 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանը եզրափակիչում, դժվարին ու անհաշտ պայքարում պարտվեց մրցակցին ու նվաճեց հին աշխարհամասի փոխչեմպիոնի կոչումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 Մարտ — Sputnik. Այս առաջնությունում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի հինգ ըմբիշներից ամենահաջողակը Գալստյանն էր, որը տպավորիչ հաղթանակներից հետո հասել էր եզրափակիչ: Այստեղ վրացի Լևանի Կավչարաձեի հետ առաջին մրցափուլից հետո հայ ըմբիշը առջևում էր 8:4 հաշվով, սակայն հոգնածությունը խանգարեց Գալստյանին գոտեմարտը հաղթական ավարտին հասցնելու գործում:

Եվրոպայի առաջնություն. Թուրք ըմբիշը հրաժարվել է սեղմել իրեն հաղթած Սլավիկ Գալստյանի ձեռքը

Վրացի ավելի թարմ ըմբիշը երկրորդ մրցափուլում կարողացավ երկու հնարք իրականացնել ու հաղթանակի հասնել 10:8 հաշվով: Չնայած պարտությանը հայ ըմբիշի արդյունքը բնականաբար պետք է ըստ արժանվույն ու հաջողված  համարել:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկած մյուս չորս ըմբիշներն էլ՝ Նորայր Հախոյանը (55կգ), Արմեն Մելիքյանը (60կգ), Հրանտ Կալաչյանը (72կգ) և Դավիթ Օվասապյանը (130կգ) իրենց մեկնարկային գոտեմարտերում հաղթանակի հասան, բայց քառորդ եզրափակիչում պարտվեցին:

Մելիքյանը  բրոնզի համար սփոփիչ գոտեմարտում մրցելու է թուրք Չենգիզ Արսլանի հետ: Օվասապյանը նույնպես իրավունք ստացավ բրոնզե մեդալի համար մրցել, սակայն այստեղ էլ պարտվեց թուրք Օսման Յիլդիրիմին:

Մարտի 7-ից Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում պայքարի մեջ են մտնելու ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի այս մրցումներում ներկայացված է լինելու յոթ քաշային կարգերում: