Պաշտպանության նախարարը վստահեցնում է` զինվորների մահվան դեպքերը չեն թաքցվում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, որ 2019թ.–ի ընթացքում զինծառայողների մահվան 4 դեպքի մասին նախարարությունը տեղեկատվություն չի հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը զինծառայողների մահվան դեպքերը չի թաքցնում։ Այսօր «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` պատասխանելով 4 զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ մամուլում հայտնված տեղեկությունների մասին լրագրողների հարցերին։

Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել համածառայակցին

«Բոլոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը կա այս կամ այն ձևաչափով, չի կարող որևէ դեպք թաքցվել»,– ասաց Տոնոյանը։

Նախարարը վստահեցրեց, որ կա՛մ դատախազությունը, կա՛մ նախաքննական մարմինները գործընթացի վերաբերյալ հաղորդագրություններ տարածում են։

«Ուղղակի կան դեպքեր, որոնք անմիջապես հակառակորդի հետ են կապված, կան դեպքեր, որոնք ծառայության հետ են կապված, կան դեպքեր, երբ զինծառայող են, բայց տանն են մահացել։ Անգամ, եթե դա բնական մահ է, էլի հայտարարում ենք», - ասաց Դավիթ Տոնոյանը։

Հիշեցնենք, երեկ Tert.am կայքը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ 2019-ին գրանցված 4 զինծառայողի մահվան դեպքերի մասին ՀՀ ՊՆ-ն ու ԱՀ ՊԲ-ն չեն հայտնել: