Ապագայում նոր ատոմակայան կառուցելու տեսլականով. ի՞նչ է քննարկել Ավինյանը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ֆրանսիական պատվիրակությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 Մարտ — Sputnik. Հայաստանը կարևորում է երկրի էներգետիկ արտադրական կարողությունների մեջ Մեծամորի ատոմակայանի ունեցած դերը և շարունակելու է զարգացնել միջուկային էներգետիկան: Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ֆրանսիական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանն ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունի, իսկ մենք` գնահատելու. Զատուլին

Պատվիրակության կազմում, որը գլխավորում էր ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, ընդգրկված էին միջուկային էներգիայի հարցերով խորհրդական, Ֆրանսիական միջուկային էներգիայի հանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Գորբաչևը և ֆրանսիական ORANO (նախկին AREVA) ընկերության ներկայացուցիչներ:

Հայկական կողմից հանդիպմանը ներկա է եղել նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Զրուցակիցները քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման հնարավորությունները:

Փոխվարչապետն ասել է, որ այժմ Հայաստանում ուսումնասիրում են ապագայում նոր ատոմակայանի կառուցման և այդ նախագծում օտարերկրյա գործընկերների ներգրավման հարցերը:

Կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես արտադրական, հետազոտության և մշակումների, մասնագիտական փոխանակումների ու կրթական ծրագրերի ուղղություններով: