«Ֆեյսբուքում» ջնջումների օր է պետք հայտարարել ու «սքրինշոթերի» շաբաթօրյակ կամ… հակառակը

Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Հակոբյանն անդրադարձել է ֆեյսբուքյան «պատերին» հայտնվող գրառումներին, որոնք որոշ ժամանակ անց ինչ–ինչ պատճառներով ջնջվում են։
Sputnik

Դե, որ գրելը կա, ջնջելը կա ու կա: Դրա համար էլ ասում են՝ գրել-ջնջել: Դրա համար էլ մատիտներից շատերը ռետինը պոչին հարմարեցված են արտադրվում:

Նույնը վիրտուալ իրականության մեջ է: Իրեն հարգող ցանկացած ստեղնաշար ջնջելու համար նախատեսված առնվազն երկու կարևոր ստեղն ունի: Սոցցանցային տիրույթում էլ այս կամ այն գրառումը կամ մեկնաբանությունը ոչ միայն զետեղելու, այլև հեռացնելու, ջնջելու, ի դեպ նաև խմբագրելու հնարավորություններ կան:

Այդ հնարավորությունից օգտվել է, օրինակ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը: Նա Facebook–ում բավականին հակահիգիենիկ գրառում էր արել, որը, սակայն, հետո հեռացրել էր ֆեյսբուքյան իր «պատից»: Երևի կողքից հուշողներ են եղել, որ նա, այնուամենայնիվ, փոխնախարար է: Ասում են` անգամ նախարարի հետ գրառման վերաբերյալ խոսակցություն է եղել: Այսինքն` «ասում են»-ը ո՞րն է, նախարարի մամուլի խոսնակն է Panorama.am-ի մեր գործընկերներին հայտնել, որ այսպես ու այսպես: Ժամանակին նման դեպքերում ասում էին՝ սիրուն չի: Երևի նման մի դիտողություն արած կլինեն:

Գրառումների հեռացման գծով երկրորդ տեղը թերևս կարելի է շնորհել «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին: Իրեն դուր չեկած մի հրապարակման արձագանքելով, նա դրա հեղինակներին «դաուններ» էր անվանել: Հետո, երևի հույզերը հաղթահարելով կամ գուցե արդեն իր գրածի արձագանքները տեսնելով, հեռացրել էր այդ մեկնաբանությունը:

«Ֆեյսբուքում» ջնջումների օր է պետք հայտարարել ու «սքրինշոթերի» շաբաթօրյակ կամ… հակառակը

Սակայն ամբողջ հարցն այն է, որ տվյալ պահին համակարգչային դիտարկիչի վրա երևացող պատկերը «նկարելու», այսինքն՝ «սքրինշոթելու» հնարավորություն էլ կա: Դե, պարզ է, որ Դանիել Իոաննիսյանի մեկնաբանությունը նման «հավերժացման» էր արժանացել, ու համապատասխան «սքրինշոթը» սկսել էր ինքնուրույն վիրտուալ կյանքով ապրել:

Հնարավոր է, որ այդ ամենը ևս նկատի ունենալով, Դանիել Իոաննիսյանը մի հատ էլ իր «պատին» առանձին գրառում արեց` նաև ներողություն խնդրելով:

Մասնավորապես. «Երեկ ֆեյսբուքում արձագանքելով կեղծիքներ, վիրավորանք ու զրպարտություն պարունակող մի հրապարակման՝ դրա հեղինակներին անվանեցի «դաուններ»: Ես ուզում եմ հրապարակավ ներողություն խնդրել հանրությունից և մտավոր խնդիրներ ունեցող անձանցից, ում վիրավորելու որևիցե ցանկություն չեմ ունեցել, և շատ ցավում եմ, որ իմ հրապարակային խոսքում խտրականություն է եղել…»:

Այո, բայց կոնկրետ անձանց նշված բառով դիմելով վիրավորելու համար այդ անձանցից, իհարկե, ոչ մի ներողություն:

Շատ հեռու չգնանք: Սորոսի հիմնադրամի հայկական ճյուղը կամ, ինչպես իրենք են նշում, «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ը հայտարարություն է տարածել, որով պնդում է, թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին վարկաբեկելու նպատակ իրենք չեն ունեցել, իսկ նման լուրերը կեղծ են և անգամ վիրավորական իրենց համար և այլն:

«Ֆեյսբուքում» ջնջումների օր է պետք հայտարարել ու «սքրինշոթերի» շաբաթօրյակ կամ… հակառակը

Հետաքրքիրն այն է, որ նույն հայտարարությունը կազմակերպության կայքից բացի, ֆեյսբուքյան էջում էլ էր զետեղվել: Բայց հետո «Ֆեյսբուքից» այն հեռացվեց: Ինչո՞ւ: Անհայտ է: Երևի, զուտ տեխնիկական նկատառումներով:

Մի խոսքով, արժե, իսկապես արժե ֆեյսբուքներից գրառումների հեռացման երևույթն առանձին օրով նշանավորել, որպես երևույթ: Իսկ առհասարակ, ի՞նչ ենք անում: Ճի՛շտ է՝ չարաճճիություն. գրում ենք ու ջնջում, ջնջում ենք ու գրում: Եթե թուղթն ամեն ինչի դիմանում է, ապա վիրտուալ «թուղթն» ընդհանրապես կդիմանա: