Բռնության ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ–ն անդրադարձել է Նարեկ Մալյանի դեպքին

Մարդու իրավունքների պաշտպանն իրավասության սահմաններում հետևողական է լինելու գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Եˊվ բռնության ցանկացած դրսևորում, ևˊ անձի արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ հնչեցնելն անթույլատրելի է:

Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ի նկատի ունենալով Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպը։

«Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպը պետք է դառնա պատշաճ քննության առարկա»,–ասել է ՀՀ ՄԻՊ–ը։

Իշխանությունը խրախուսում է անպատժելիության մթնոլորտը. Աշոտյանը` Մալյանի դեպքի մասին

Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Ոստիկանություն Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպով ձեռնարկված և ձեռնարկվող քայլերն ուսումնասիրելու նպատակով։ «Ի գիտություն ընդունելով քրեական գործ հարուցված լինելու հանգամանքը՝ անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա։ Հաշվի առնելով միջադեպը, դրան նախորդած ու հաջորդած մարդու իրավունքների տեսանկյունից մտահոգիչ զարգացումները, Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է՝

• Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում բռնության ցանկացած դրսևորում, ինչպես նաև անձի արժանապատվությունը նսեմացնող հրապարակային ցանկացած խոսք։ Պետք է հարգել այլոց իրավունքներն ու ազատությունները․

• մարդու ֆիզիկական անձեռնմխելիությունը պետության մեջ ենթակա է անվերապահ պաշտպանության: Այն երաշխավորված է մեր երկրի Սահմանադրությամբ ու միջազգային պարտավորություններով: Ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել բացառապես օրենքով՝ Սահմանադրությամբ նախատեսված նպատակների համար․

• պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը. այն անխախտելի է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է: Այս կերպ է ձևավորվում համերաշխությունը հասարակությունում ու ապահովվում փոխադարձ հարգանքի մթնոլորտ․

• նմանօրինակ միջադեպերին պետք է հաջորդի պետական իրավասու մարմինների արագ արձագանքը՝ երաշխավորելով իրավունքի գերակայության անվերապահ գործողությունը։

Մարդու իրավունքների պաշտպանն իրավասության սահմաններում հետևողական է լինելու գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությանը։

Նշենք, որ երեկ գիշեր բլոգեր Նարեկ Մալյանը Facebook–ում հայտնել էր, թե «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին տարել են ոստիկանություն:

«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի ուղիղ եթերում խոստովանել էր, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել: