ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումն առանց Հայաստանի համաձայնության բացառված է։ Այսօր «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Դա ինչ–որ օպերատիվ–մարտավարական օղակում կայացվող որոշում չէ։ Դա ռազմավարական խնդիր է, գլխավոր քարտուղարի նշանակում է։ Ինչպե՞ս կարելի է առանց դաշինքի մեկ անդամի համաձայնության նման որոշում կայացնել»,– ասաց Տոնոյանը` հավելելով, որ ՀԱՊԿ կանոնակարգով դա արգելված է։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունում, նախարարի խոսքով, այս պահին աշխատանքներ են տարվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցով։
Մեկնաբանելով բելառուսական կողմի հայտարարություններն այն մասին, որ այդ հարցը կարող է լուծվել նաև առանց Հայաստանի համաձայնության, Տոնոյանն ասաց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ հարցի շուրջ իր տեսակետը հայտնել է։
Իսկ Հայաստանի թեկնածուի մասին հարցին Տոնոյանը չցանկացավ պատասխանել։
Հիշեցնենք` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ ՀԱՊԿ կանոնակարգը թույլ է տալիս սահմանափակ կազմով որոշում կայացնել։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Հայաստանում մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով` Սահմանադրական կարգը տապալելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով։ ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրան կալանավորելու մասին։ Սակայն դատարանը, հաշվի առնելով ի պաշտոնե նրա համար սահմանված անձեռնմխելիության իրավունքից, որոշեց խափանման միջոց կիրառել 5 մլն դրամ գրավը։
ՀՀ ԱԳՆ–ն գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց էր սկսել, քանի որ այդ պաշտոնը վարելու հերթը ռոտացիոն կարգով այս պահին Հայաստանինն է։