ԱԺ–ն հրաժարվեց քննարկել այլընտրանքային արհմիություններ ստեղծելու հարցը

Օրինագծի քննարկմանը կողմ են հանդես եկել ԲՀԿ–ն և «Լուսավոր Հայաստանը», սակայն «Իմ քայլը» մերժել է քննարկումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. ԱԺ–ն այսօր հրաժարվեց քննարկել «Արհմիությունների մասին օրենքում» ԲՀԿ–ի առաջարկած փոփոխությունները։

Առաջարկած փոփոխությունների համաձայն` արհմիությունները կարող էին ստեղծվել ոչ միայն կոնկրետ ձեռնարկության կամ կազմակերպության աշխատակիցների կողմից, այլև անկախ մասնագետների, որոնք կկարողանան կարևոր ու ցավոտ հարցեր բարձրացնել աշխատողների իրավունքները պաշտպանելու համար։

Ինչքան պետք է, այնքան էլ կաշխատես․ արդյո՞ք կփոխվի Աշխատանքային օրենսգիրքը 2019-ին

«Հարյուր հազարավոր մարդիկ գործատուների մոտ ստրուկի կարգավիճակում են։ Ինչու է խորհրդարանն արդեն որերորդ անգամ հրաժարվում ուսումնասիրել անկախ արհմիությունների ստեղծման հարցը», – ասաց օրինագծի հեղինակներից մեկը` Գևորգ Պետրոսյանը։

Ավելի վաղ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փոփոխություններին բացասական եզրակացություն էր տվել։

Մշտական հանձնաժողովից հետո փոփոխություններն օրակարգ մտցնելուն դեմ են հանդես եկել պատգամավորները, մասնավորապես` «Իմ քայլը» դաշինքից։

Նշենք, որ օրինագծի հեղինակների պնդմամբ` մշակման փուլում նրանք հարյուրավոր նամակներ են ստացել այն մարդկանցից, որոնք կցանկանային անդամակցել նոր արհմիություններին։ Դիմածներից շատերը դժգոհ էին գործող արհմիություններից, քանի որ դրանք պարզապես չեն պաշտպանում իրենց շահերը։