ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Սան Պաուլույում Հայաստանի մշակույթը ներկայացնող հիասքանչ շոու է անցկացվել բրազիլական դիմակահանդեսի ժամանակ։
2019 թվականի փառատոնի շրջանակում կազմակերպած շոու ծրագրի ընթացքում հանդիսատեսին են ցուցադրել հայկական տարազներ, ինչպես նաև ներկայացվել է Հայաստանի պատմությունը` սկսած Նոյյան Տապանի ժամանակներից մինչև մեր օրերը։
«Viva Hayastan» անունը կրող ներկայացումը մի քանի պլատֆորմից էր բաղկացած։ Ամենասկզբում սամբադրոմի վրա են հայտնվում պարողներ վառ զգեստներով և թմբուկներով, որոնց վրա հայկական զինանշանն է պատկերված։
Այնուհետև սամբադրոմին մեկ այլ հարթակ է հայտնվում, որը մարմնավորում էր Հայաստանի հերոսների դարը։ Երկու կողմից հարթակը զարդարում էին Հայկ Նահապետի (հայ ժողովրդի լեգենդար նախահայր) հսկայական քանդակները։ Փառատոնին ներկայացվել է նաև պլատֆորմ Հայկական եկեղեցու հայրերով և կիսամերկ Ադամին և Եվային պատկերող դրախտային ժամանակներով։ Ավելի ուշ մասնակիցները գունագեղ տարազներով և հայկական դրոշներով ու զինանշաններով ներկայացրել են հայկական այբուբենը։
«Sociedade Rosas de Ouro» սամբայի դպրոցի աշակերտները ելույթի ժամանակ ներկայացրել են պարերի ավելի քան 2300 տարր։ Նրանց զգեստներում գերիշխում էին երկնագույն, վարդագույն և սպիտակ գույները։
Դիմակահանդեսի ժամանակ, 65 րոպեանոց շոու ծրագրով Հայաստանի մշակույթը, կենցաղը և հարուստ պատմությունը ներկայացնելու գաղափարը պատկանում է Սան Պաուլույում գործող Sociedade Rosas de Ouro սամբայի դպրոցի ներկայացուցիչներ Անդրե Մաշադին ու Անժելինա Բազիլիուին։ Այս մասին նրանք Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել էին հոկտեմբերի վերջին։
Բրազիլական կառնավալը` Բրազիլիայում ամեն տարի տեղի ունեցող փառատոն է, որն անցկացվում է Զատկից 40 օր առաջ և ազդարարում Մեծ պահքի սկիզբը։ Մեծ պահքի ժամանակ կաթոլիկները պետք է զերծ մնան բոլոր մարմնական հաճույքներից, մասնավորապես` միս օգտագործելուց։ Կառնավալը, որը, ինչպես համարվում է, ծագում է հեթանոսական սատուռնատոներից, մսից հրաժարվելու ակտ կարող է համարվել։