ՌԱԴԻՈ

Սուրենյանց. «Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկումը կարող է խորանալ, եթե...»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում խոսում է վարչապետի և կառավարության վարկանիշի մասին։
Sputnik
Սուրենյանց. «Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկումը կարող է խորանալ, եթե...»

Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում չէր կարող չապրել, որովհետև էյֆորիան նահանջում է։

«Ի վերջո, այլ բան է լինել հեղափոխության առաջնորդ, մեկ այլ բան՝ լինել իշխանության պատասխանատու։ Դրանք երկու անհամատեղելի կարգավիճակներ են»,- ասում է Սուրենյանցը։

Նրա խոսքով` հեղափոխությունից հետո, մինչ խորհրդարանական ընտրությունները Փաշինյանի վարկանիշի բնական վերելք էր նկատվում, որովհետև շատ հեշտ էր թիրախավորել խորհրդարանը, շատ հեշտ էր նախկին խորհրդարանը ներկայացնել որպես հին համակարգի խորհրդանիշ ու պահապան և մոբիլիզացնել հասարակությանը «Բաստիլը գրավելու» գաղափարի շուրջ։

«Դա ստացվեց, հասարակությունը մոբիլիզացվեց, հեղափոխական ուժը ստացավ սահմանադրական մեծամասնություն, և շատ բնական է, երբ իշխանությունն ամբողջովին կենտրոնանում է հեղափոխական կառավարության կամ Նիկոլ Փաշինյանի ձեռքում, դրանից հետո հասարակությանն արդեն ավելի քիչ են սկսում հետաքրքրել տեսարանները, և հասարակությունը սկսում է ավելի շատ պահանջել»,- ասաց Սուրենյանցը։

Ըստ քաղաքագետի` դա բնականաբար բերելու է հեղափոխական կառավարության վարկանիշի որոշակի անկման, ինչը դեռևս չի հասել մտահոգիչ սահմանագծի, բայց, եթե կարճ ժամանակում Նիկոլ Փաշինյանի թիմին չհաջողվի ստեղծել կենսունակ համակարգ, որը կարողանա մի կողմից երկրի զարգացման տեսլականը ձևակերպել, մյուս կողմից օպերատիվ լուծում տալ բազմաթիվ խնդիրների, ապա վարկանիշի անկումը կարող է խորանալ։