Նիկոլ Փաշինյանը դատապարտում է բռնությունը. նա գրառում է արել Facebook–ում

ՀՀ վարչապետը որևէ մեկի անունը չի նշել, բայց նրա գրառմանը հաջորդած գրեթե բոլոր մեկնաբանությունները վերաբերում են Նարեկ Մալյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլոր նրանք, ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»,– գրել է նա։

Վարչապետը չի նշել, թե կոնկրետ ում է վերաբերում իր հրապարակումը, սակայն նրա էջի բաժանորդները գրառումը կապել են այս գիշեր Երևանում բլոգեր Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» շարժման անդամների միջև տեղի ունեցած միջադեպի հետ։

Բլոգեր Նարեկ Մալյանին փորձել են գցել աղբամանը. տեսանյութեր

Նշենք, որ կեսգիշերին բլոգեր Նարեկ Մալյանը Facebook–ում հայտնել էր, թե «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

Նա նաև հայտարարել է, որ մարտի 4-ին, ժամը 13:00-ին Երևանի պետական համալսարանի բակում սպասելու է միջադեպի մյուս մասնակիցներին: «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի ուղիղ եթերում խոստովանել է, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել: