Նարեկ Մալյանի միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել. Ոստիկանություն

«Ռեստարտ» նախաձեռնության անդամները վիդեոբլոգեր Նարեկ Մալյանին փորձել են նետել աղբարկղը։ Տեսանյութը հրապարակվել է Facebook սոցիալական ցանցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Խուլիգանություն–խմբ.)։ Կատարվում է նախաքննություն»,–ասաց Ջանոյանը:

Նարեկ Մալյանին փորձում են նետել աղբարկղը. տեսանյութ

Հիշեցնենք, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները վիդեոբլոգեր Նարեկ Մալյանին փորձել են նետել աղբարկղը։ Տեսանյութը հրապարակվել է Facebook սոցիալական ցանցում։

Կից հաղորդագրության մեջ նշվում է. «Ի ուրախություն պարոն Մալյանի ոստիկանության աշխատակիցները ժամանեցին «աղբահանության» վայր և փախցրեցին բլոգերին»։

«Ռեստարտի» անդամները հայտնում են, որ Մալյանին չեն վիրավորել, չեն հայհոյել, չեն ծեծել և նպատակ չեն ունեցել Մալյանին վնասելու։ Ամեն ինչ եղել է մտածված, և ինչպես հոլովակում երևում է «Ռեստարտի» անդամները առանց Մալյանին վնասելու մոտեցնում են աղբարկղի մոտ՝ վերջինիս այնտեղ տեղավորելու։

Նշենք, որ այս գիշեր բլոգեր Նարեկ Մալյանը Facebook–ում հայտնել էր, թե «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին տարել են ոստիկանություն:

«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի ուղիղ եթերում խոստովանել էր, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել: