Կաշառք ստանալուց հետո ձերբակալել են Վանաձորի քաղաքապետարանի աշխատակցին. տեսանյութ

Ոստիկանության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը ոստիկաններին ներկայացնում կաշառք վերցրած գումարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ոստիկանները ձերբակալել են Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ Նվեր Օհանյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Փետրվարի 28-ին ոստիկանության Բազումի բաժին դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ Վանաձորում գտնվող իր տնակի օժանդակ հողատարածքն անխոչընդոտ սեփականաշնորհելու համար Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետը, իր և նույն կառույցի համապատասխան պաշտոնյաների անունից, 170.000 դրամ կաշառք է պահանջել։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել։

Մշակվել է կասկածյալին հանցափաստով բռնելու բարդագույն օպերացիա։ Մարտի 3-ին, ժամը 18։40-ին ոստիկանները գործի են անցել։

Կաշառքը ստանալուց և պահելուց անմիջապես հետո, Լուսավորչի փողոցից ոստիկանության Բազումի բաժին բերման է ենթարկվել 64-ամյա Նվեր Օհանյանը։ Նրա ավտոտնակի զննության ընթացքում Օհանյանը ոստիկաններին ներկայացրել է 170,000 դրամը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Նախաքննությունը շարունակվում է։