Իշխանությունը խրախուսում է անպատժելիության մթնոլորտը. Աշոտյանը` Մալյանի դեպքի մասին

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահը դատապարտում է ակտիվիստների հարձակումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով խրախուսում է ամենաթողության ու անարխիայի մթնոլորտը։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով Restart շարժման ակտիվիստների հարձակումը բլոգեր Նարեկ Մալյանի վրա, որը հայտնի է գործող իշխանությանը քննադատելով։

«Հայաստանում ամենաթողության մթնոլորտ է ստեղծվել։ Երեկվա հարձակումը չէր լինի, եթե ժամանակին իրավապահ մարմինները խիստ գնահատական տային Մարալիկում տեղի ունեցած հարձակմանը», – ասաց Աշոտյանը։

Նրա կարծիքով` երեկվա միջադեպը Երևանի պետական համալսարանի ռեկտորի հանդեպ ապօրինությունների հետևանքն է։

«Սա մարդկանց յուրայինների և օտարների բաժանելու հետևանք է։ Պահանջում եմ իրավապահ մարմիններին արձագանքել ու կանխել Հայաստանում «փողոցային ժողովրդավարության» նման դրսևորումները», – նշեց Աշոտյանը։

Նիկոլ Փաշինյանը դատապարտում է բռնությունը. նա գրառում է արել Facebook–ում

Նշենք, որ կեսգիշերին բլոգեր Նարեկ Մալյանը Facebook–ում հայտնել էր, թե «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի ուղիղ եթերում խոստովանել է, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել: