Հայտնաբերված 27 մլրդ դրամի կոռուպցիայից վերականգնվել է 1 մլրդ դրամից էլ պակաս գումար

Sputnik Արմենիան դիմել է ՀՀ Քննչական կոմիտե` պարզելու համար, թե «թավշյա հեղափոխությունից» հետո մինչ օրս որքան կոռուպցիոն գումար է բացահայտվել ու վերադարձվել պետությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ նոր իշխանությունների հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Քննչական կոմիտեի բացահայտած կոռուպցիոն չարաշահումների գումարից միայն մի փոքր մասն է հասել բյուջե։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից` ի պատասխան մեր հարցման։

Միլիարդների չարաշահում, 1/3–ի վերադարձ. Թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ–ի բացահայտումները

Ըստ ներկայացված տվյալների, 2018թ.–ի հունիսի 1-ից 2019թ.–ի փետրվարի 15–ը ՔԿ վարույթում քննված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 27 մլրդ դրամ, ավելի կոնկրետ` 26 904 037 875 դրամ։ Պետությանը պատճառված միլիարդավոր դրամների վնասից ներկա պահին վերականգնվել է 1 մլրդ դրամից էլ պակասը` 856 018 270 դրամը։

Ի դեպ, ինչպես հայտնում է Քննչական կոմիտեն, 26 615 357 058 ՀՀ դրամի չարաշահումները հայտնաբերվել են 2018թ.–ի հունիսի 1-ից դեկտեմբերի 31-ը հարուցված քրեական գործերով, իսկ 288 680 817 դրամը` 2019–ի հունվարի 1-ից փետրվարի 15–ը։

Վերականգնված 856 018 270 դրամի վնասից 829 957 078 դրամը վերականգնվել է 2018թ.–ի հունիսի 1-ից դեկտեմբերի 31-ը հարուցված քրեական գործերով, 26 061 192–ը` 2019–ի հունվարի 1-ից փետրվարի 15–ը։

Sputnik Արմենիային ներկայացրած տեղեկանքում Քննչական կոմիտեն հատուկ շեշտում է, որ նախաքննության ընթացքում վերականգնված գումարը փոխանցվում է Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին։ Եվ քրեական գործի վերջնական ավարտից` վարույթը կարճելուց կամ դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գումարն ուղարկվում է կամ ՀՀ պետական բյուջե, կամ տուժողի կողմից տրամադրված հաշվեհամարին։