Փաշինյան. Ադրբեջանը չարդարացրեց հույսերը

Բաքվից մշտապես սպառնալիքներ են հնչում հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Ադրբեջանական կողմը չի արդարացրել հույսերը` կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հետ, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում ելույթի ընթացքում։

ՀՀ-ԵՄ հարաբերություններում ոչ մի դավադրություն չկա Ռուսաստանի դեմ. Փաշինյան

«Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա շատ կարևոր է նշել, որ հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող։ Եվ մենք պետք է ստեղծենք մթնոլորտ խաղաղ լուծման համար։ Մեր կառավարությունն աշխատում է այդ ուղղությամբ։ Սեպտեմբերին ես աննախադեպ  հայտարարություն արեցի մեր խորհրդարանում` ասելով, որ ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի հայ բնակչության և  ադրբեջանական բնակչության համար», – ասել է Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով` նա հույս է ունեցել, որ իր հայտարարությունից հետո նման արտահայտություն կլինի նաև ադրբեջանական կողմից` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։

«Բայց, ցավոք, այդ հույսը չարդարացավ։ Հակառակը, մենք Ադրբեջանից մշտապես սպառնալիքներ ենք լսում հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին` առանց հաշվի առնելու Ղարաբաղի բնակչության իրավունքները և շահերը։ Մենք պետք է Ադրբեջանին տրամադրենք երկխոսության», – ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ Բուդապեշտի ԵԱՀԿ գագաթնաժողովում հստակ ամրագրվել է. հակամարտությունը երեք կողմեր ունի` Հայաստանը, Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը։ Հիմա բանակցությունների սեղանի մոտ միայն երկու կողմերն են։

Նշենք, որ մարտի 1–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունում ասվում է այն մասին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջիկայում կհանդիպեն։