ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. ՀՀ կառավարության 2018 թվականի ամռանը հաստատված ծրագրում գրված է, որ Արցախը պիտի դառնա բանակցային կողմ, սակայն անցել է մոտ մեկ տարի՝ դեռ առաջընթաց չկա, որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունը փորձում են կենդանի պահել այս խոստումը: Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Աշոտյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ միջնորդներն այլևս չեն խոսում 2016 թվականին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման մասին։
Նրա խոսքով` այդ պայմանավորվածություններն Ադրբեջանի դիվանագիտական պարտությունն էին, իսկ դրանց մասին հիմա չխոսելը` ապրիլյան պատերազմի պատասխանատվությունից Ադրբեջանի մաքրմանը ակամա աջակցություն: Ըստ Աշոտյանի` սա կարևորագույն բացթողում է։
«Արդար լինելու համար պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանը միայն մեկ անգամ հպանցիկ հիշատակեց պայմանավորվածությունները, երբ Բրյուսելում մասնակցում էր ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին։ Սակայն այդ թեման վերջին պահին էր ավելացվել նրա ելույթի տեքստում, երբ Իլհամ Ալիևի ելույթն արդեն հնչել էր։ Այսինքն` ելույթի սկզբնական տարբերակում պայմանավորվածությունները չէին հիշատակվում», – նշեց Աշոտյանը։
Նա կարծում է, որ պաշտոնական Երևանը հետևողականորեն խուսափում է միջնորդների ուշադրությունը հրավիրել պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության վրա։ Աշոտյանը կարծում է նաև, որ Փաշինյանի ու Ալիևի «ոտքի վրա» ձեռք բերած պայմանավորվածությունները ղարաբաղյան գործընթացում անհիմն դրական ակնկալիքներ են ստեղծել։ Աշոտյանը կարծում է, որ ՄԱԿ–ում, ԵՄ–ում, ԵԱՀԿ Մինսկի խմբում արդեն երկար ժամանակ է` Արցախի թեմայով բանակցություններում անհասկանալի ու ոչնչով չհիմնավորված լավատեսական ակնկալիքներ են հնչում։