ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Երևանում Բուն Բարեկենդան է։ Հայկական դիմակահանդեսի մասնակիցներն ուրախ կերպարներով ազդարարերում են Բարեկենդանի տոնի և մոտեցող Մեծ Պահքի մասին։
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Արարատյան Հայրապետական թեմը տոնախմբություն է կազմակերպել՝ փորձելով վառ պահել ազգային ավանդույթները: Հայաստանի տարբեր քաղաքներում և մայրաքաղաք Երևանում նշում են Բարեկենդանի տոնը:
Գարնան սկիզբն ազդարարող ազգային–եկեղեցական տոնը` խոր արմատներ ունի, որոնք ձգվում են դեպի հեթանոսական շրջան։
Տոնի հիմքում ընկած էր բնության զարթոնքը և տարվա սկիզբը։ Հնում մարդիկ հավատացել են, որ միմյանց կենդանություն մաղթելով նրանք աղերսում են վերին ուժերին պաշտպանել իրենց կյանքը չար ուժերի ազդեցությունից։ Տոնը ներառել է նաև բնության իրերի և երևույթների պաշտամունքն արտահայտող ծեսեր ու սովորույթներ։ Բնության զարթոնքի և մահվան պատկերացումներն առնչվել են մահվան և կյանքի, ծննդի և վերազարթոնքի հավերժական փոխանցումներին։ Դրանք մասամբ տեղ են գտել նախնիների պաշտամունքին նվիրված ծեսի փնջում։
Բարեկենդանը, իրոք, մեծ ուրախ դիմակահանդեսի է նման՝ երգերով, պարերով, կատակներով, ուտեստներով ու այլ զվարճանքներով: Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:
Մեծ Պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Այն մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է:
Հայերի մեջ Բարեկենդանն ամենասպասված ու ժողովրդական տոներից մեկն էր։ Տոնին պատրաստվում էին ընտանիքի բոլոր անդամները՝ առանց բացառության։ Մարդիկ զվարճանում էին, տրվում խրախճանքին ու պատրաստում ճոխ սեղաններ։ Նախապատվությունը տրվում էր հատկապես մսեղենին, յուղոտ կերակրատեսակներին ու կաթնեղենին։
Բարեկենդանի առաջին օրերին ընդունված էր պատրաստել հալվա։ Երեկոյան ուտում էին կաթնապուր ու մածուն։ Պատրաստում էին նաև փաթիլա, սըռոն և բխբխիկ կոչվող ճաշատեսակները։ Որոշ տեղերում նախապատվությունը տրվում էր ձավարով կամ համեմունքներով լցոնած խորոված ոչխարին։ Պարտադիր ճաշատեսակը խաշիլն էր, որը պատրաստվում էր մեծ քանակությամբ։
Բուն բարեկենդանի օրը ընդունված էր երեկոյան խաշած ձու ուտել՝ այդպիսով փակելով խրախճանքը։
Բերաններս փակում ենք սպիտակ ձվով։Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու։
Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տեւում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Հարության՝ Զատիկի տոնը: