Սարգիս Ադամյանի հերթական գոլն ու նոր հաղթանակը երկրորդ Բունդեսլիգայում. տեսանյութ

Երկրորդ Բունդեսլիգայում հայ ֆուտբոլիստն անցկացրել է արդեն 23 խաղ, դարձել 10 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը շարունակում է արդյունավետ գործել իր թիմի՝ «Ռեգենսբուրգի» կազմում: Հերթական խաղում հայ ֆուտբոլիստն իր թիմի կազմում դարձավ հաղթական գոլի հեղինակ:

Սարգիս Ադամյանը օգնում է հաղթել երկրորդ Բունդեսլիգայի առաջատարին

Երկրորդ Բունդեսլիգայի առաջնությունը բավականին ուժեղ մրցաշար է ու նույնիսկ գերազանցում է եվրոպական շատ երկրների լավագույն լիգաներին իր մակարդակով ու մրցակցությամբ: Շատ ուրախալի է, որ այստեղ հայ ֆուտբոլիստն իր խաղամակարդակով աչքի է ընկնում համարյա յուրաքանչյուր տուրում:

Նախորդ տուրում երկրորդ Բունդեսլիգայի առաջատարի՝ «Համբուրգի» դարպասը գրավելուց  ու իր թիմին հաղթանակ պարգևելուց հետո, Ադամյանը կրկնեց իր հաջողությունը արտագնա խաղում: «Հայդենհայմի» հետ խաղի 54-րդ րոպեին Ադամյանը երկու պաշտպանների հետ պայքարում կարողացավ անակնկալ ու միաժամանակ դիպուկ հարված կատարել ու դարձավ հաղթական գոլի հեղինակ, իսկ «Ռեգենսբուրգը» հաղթեց 2:1 հաշվով:

Երկրորդ Բունդեսլիգայում հայ ֆուտբոլիստն անցկացրել է արդեն 23 խաղ, դարձել 10 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: