ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Երևանում «Օպելը» բախվել է բենզալցակայանում լիցքավորվող ավտոմեքենային, որն է վրաերթի է ենթարկել լցակայանի աշխատակցին։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, այսօր՝ մարտի 3-ին, ժամը 08:40-ի սահմաններում «Օպել» մակնիշի 34 CR 470 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում բախվել է «CPS» բենզալցակայանի դիմաց լիցքավորվող «Հոնդա» մակնիշի 70 VV 333 համարանիշի ավտոմեքենային:
Պարզվել է, որ վթարի պահին «Հոնդան» լիցքավորելիս է եղել բենզալցակայանի աշխատակիցը, ով վրաերթի է ենթարկվել: Ավտովթար-վրաերթի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Honda-ն առաջ է ընթացել և վնասել բենզալցակայանի սյունը: Բարեբախտաբար, ավտոմեքենան չի հայտնվել բենզալցակայանի մեջ, հակառակ դեպքում՝ վթարը այլ ավարտ կունենար։
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը: