Ծխելն էլ չխանգարեց. ինչպես հայկական պաշտոնական պատվիրակությունը հաղթահարեց Չինական պատը

Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Հակոբյանը հիշում է ՀՀ պաշտոնական պատվիրակության Չինաստան այցն ու Չինական պատն հաղթահարելու ընթացքում պատահած զավեշտալի դեպքերը։
Sputnik

Լավ մարզավիճակում լինելը, առհասարակ, լավ բան է: Չծխելն էլ, ի դեպ: Երևանից-Պեկին թռիչքի մի զգալի մասը ծխողների համար տառապանք էր, այդպես՝ մի 11-12 ժամանոց:

Առավել ևս, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինքը ծխող չէր ու, հասկանալի է, ծխողները բազմաժամյա թռիչքի ընթացքում, անխոս, «պայմանավորված» հերթով գնում էին դեպի օդանավի պոչամասն ու հետ գալիս (հիմա, որ հետ եմ նայում, մի տեսակ հավատալս չի գալիս, որ ամբողջ 15 տարի է անցել): Նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը, իրեն բնորոշ դիվանագիտական մոտեցմամբ, տեսնելով ծխելու ցանկության հարուցած տառապանքներս, զրույց սկսեց դրա վնասների թեմայով: Ասաց, որ ինքն այդ վատ սովորությունը չունի, որ սպորտով է զբաղվում, ինձ էլ հորդորեց անցնել առողջ ապրելակերպի: Դե, ամեն դեպքում մի որոշակի ժամանակահատված`թռիչքի ընթացքում, դա հաջողվեց:

Շտապօգնության ավտոմեքենաները` հայ–չինական գործակցության ապացույց. նվերը «հանձնեց» դեսպանը

Չինաստանն, առհասարակ, շատ հետաքրքիր է: Հնագույն քաղաքակրթության ու մշակույթի երկիր, նոր ձեռքբերումներ, կապիտալիստական սոցիալիզմ, մեկուկես միլիարդ բնակչություն ու մեկ կուսակցություն: Մի խոսքով..

Իսկ նման այցերի ընթացքում, բացի պաշտոնական-արարողակարգային անցուդարձից, նաև, այսպես ասեմ՝ պատմամշակութային հատվածներ են լինում: Եվ ահա, նախագահ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը` գրեթե ամբողջ կազմով, այցելեց Պեկինից մոտ 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Չինական մեծ պատի Բադալինի հատվածը, որ չինական մայրաքաղաքի դարպաս է համարվել ժամանակին:

Բնականաբար, տպավորված էինք: Ի վերջո, օրումեջ Չինական մեծ պատի վրա չենք հայտնվում:

Ովքեր չեն եղել, պետք է ասեմ, որ այդ լայնարձակ պատի վրա քայլելը հեշտուհանգիստ մի բան չէ, ավելին՝ կան զառիվեր հատվածներ, որ դժվարացնում են ընթացքը: Վերջիվերջո, դա պաշտպանական նպատակով ստեղծված կառույց է, ոչ թե վազքուղի:

Դե, պատվիրակության անդամների կեսը ճանապարհի կեսից կանգ առավ: Քիչ անց, նկատեցի, որ Աշոտ Քոչարյանն էլ է կանգնել, շունչ է առնում...

Իսկ ես, թռի-վռի շարունակում եմ ճանապարհը, ուր որ է՝ կհասնենք բարձունքի խրոխտ կանգնած միջանկյալ աշտարակին, որտեղից պատի հրաշալի տեսարան է բացվում: Մի քանիսով ենք մնացել. նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, չինացի ուղեկցորդ-գիդը, Հ1-ի հեռուստաօպերատոր Արմանը, ես, հասկանալի է՝ թիկնապահը:

Բայց ամենից տպավորիչն այն էր, որ բոլորից երևի մի 5-6 մետր առաջ ընկած քայլում էր նախագահի անձնական լուսանկարիչ ու պարզապես շատ լավ մարդ Մարտին Շահբազյանը: Ըստ որում, ընթացքում հասցնում էր նաև լուսանկարել, իսկ ուսից էլ իր անբաժան, երևի ամենաքիչը մի 10 կիլոգրամ կշռով լուսանկարչական ապարատների և օբյեկտիվների պայուսակն էր կախված: Մարտին Շահբազյանին ճանաչողները գիտեն, իհարկե, որ նա նույնպես ծխող էր: Բայց, չնայած այդ ամենին ու չնայած իր պատկառելի տարիքին, իսկ այդ ժամանակ նա վեց տասնամյակն անց էր, նա ավելի առույգ տեսք ուներ, քան ճանապարհի կեսին մնացածների մի մասը:

Ռոբերտ Քոչարյանը նոր հայտարարություն է տարածել

Հասանք բարձունքին: Գնահատեցինք հրաշալի տեսարանը ու՝ թափով հետ: Ժամանակ ու ժամանակացույց կա... Եկանք, տեսանք, բարձրացանք:

Հետո, արդեն վերադարձի ճանապարհին, երբ սովորության համաձայն, Ռոբերտ Քոչարյանն օդանավի մեջ մոտեցավ լրագրողների խմբին, այսպես ասենք՝ ոչ պաշտոնապես զրուցելու, խոսակցության ընթացքում գործընկերներիցս մեկը Չինական պատին անդրադարձավ.

-Պարոն նախագահ, բայց երևում է, լավ մարզավիճակում եք: Արագ ու հանգիստ հաղթահարեցիք Չինական մեծ պատի այդ հատվածը:

Ռոբերտ Քոչարյանը ժպտաց.

-Ես ավելի արագ էլ կարող էի քայլել: Բայց որ բարձրանում էինք, նկատեցի, որ իմ չինացի ուղեկցորդը կամաց-կամաց սպիտակում է, ասի՝ քայլերս դանդաղեցնեմ, հանկարծ էս մարդը վատ չզգա:

... Ի դեպ, հետո Աշոտ Քոչարյանը հարցրեց, թե՝ Արմեն, ո՞նց է, որ դու, ծխող լինելով, այդպես առույգ-զվարթ բարձրացար: Ասացի՝ ախր, ես քոլեցի եմ, երեխա ժամանակվանից պարապած, դե՝ սար, ձոր, անտառ...