ԵՐԵՎԱՆ, 2 Մարտ — Sputnik. Քիչ առաջ Երևանում ոստիկանները բերման են ենթարկել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա թիկնազորին։ Մամուլում տարածված այս տեղեկությունը ՀՀ ոստիկանությունում ո՛չ հերքում են, ո՛չ էլ հաստատում։
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց. «Ոստիկանությունը թիկնազորի հետ կապված գործողություններ միշտ է իրականացնում»։ Ոստիկանությունը միջադեպի հետ կապված այլ տեղեկություն առայժմ չի հայտնում։
Հիշեցնենք` օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հայտնել էր, որ ոստիկանությունը շարունակում է թիկնազորի հետ կապված կամ, այսպես կոչված, «ասֆալտին փռելու» գործողությունները։
Օսիպյանը հայտարարել էր, որ նման դեպք վերջին օրերին էլ եղել է։ Բայց թե ում են փռել ասֆալտին, ոստիկանապետը հրաժարվել էր ասել։