ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik.Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Իրանում հնչեցրած հայտարարություններից մեկին։
«Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը, որն այլևս ընդդիմադիր պատգամավոր չէ, այլ փաստացի պետության ղեկավարը, որին ենթարկվում են ուժային կառույցները՝ ոստիկանությունը, ԱԱԾ–ն, Իրանում արեց կարևոր հայտարարություն։ Նա նշեց, որ պետք է մերժվեն այն քաղաքական գործիչները, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան ՀՀ քաղաքացիներ»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ ազգային անվտանգությունը կարևորող ցանկացած նորմալ երկրում այդ հայտարարությանը կհետևեին կոնկրետ գործողություններ, և հասարակությունը կիմանար, թե ովքեր են այդ գործակալները։
Շարմազանովն ընդգծեց, որ Փաշինյանի այդ հայտարարությունից երկու օր է անցել, բայց վարչապետն ու նրա շրջապատը ոչ մի գործակալի անուն չեն հրապարակել։
«Ես՝ որպես 4-րդ, 5-րդ, 6-րդ գումարումների ԱԺ նախագահի տեղակալ և ՀՀ արժանապատիվ քաղաքացի, պահանջում եմ վարչապետ Փաշինյանից ասել՝ ովքե՞ր են այդ օտարերկրյա գործակալները, որոնք ՀՀ-ում զբաղված են պետականաքանդ գործունեությամբ: Փաշինյանն այլևս ընդդիմադիր Նիկոլը չէ, որ Ազգային ժողովի ամբիոնից օդում կախված լուրերի մասին հաղորդում տա: Իրանում Փաշինյանի հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում էր»,-ասաց Շարմազանովը`հավելելով, որ ուժային կառույցները պարզապես պարտավոր են արձագանքել վարչապետի հայտարարությանը, նրանից պահանջել ու ճշտել գործակալների ինքնությունը։
«Ես ինքս այսօրվանից սկսած օր ու արև չեմ տալու և պահանջելու եմ նրանց անունները, ովքեր, ըստ վարչապետի, զբաղված են եղել իմ պետության դեմ գործունեությամբ»,– ասաց նա։
Հիշեցնենք` փետրվարի 27-28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Իրանի Իսլամական հանրապետությունում էր։ Վերոհիշյալ հայտարարությունը նա արել էր փետրվարի 28-ին` ԻԻՀ հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։