Սյունիքում մեքենաները թաղվել են ձյան մեջ. տեսանյութ–հորդոր վարորդների համար

Գորիսի ավտոճանապարհներին ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ կան։ ԱԻՆ–ը հորդորում է ձեռնպահ մնալ այդ տարածքով երթևեկելուց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ կան։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը։

Նա նաև դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ձնաբքի պատճառով ավտոմեքենաները խրվել են խորը ձյան մեջ ու հայտնվել անելանելի վիճակում։

«Երթևեկությունը իրականացվում է որոշակի սահմանափակումներով: Ձնմաքրման և փրկարարական աշխատանքները շարունակվում են: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` նախապես իրազեկվելով ճանապարհի վիճակի մասին 911 հեռախոսահամարով կամ mes.am կայքով»,– գրում է ԱԻՆ մամուլի քարտուղարը։

Մինչ այդ ԱԻՆ–ը հայտնել էր, որ մարտի 1-ին, ժամը 12:00-ից 22:12-ը փրկարարները Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ճանապարհների որոշ հատվածներում արգելափակումից դուրս են բերել մոտ 2000 ավտոմեքենա, որից 400-ը տեղափոխել են անվտանգ տարածք, 30 քաղաքացու գիշերակաց են ապահովել ՊՆ հարակից զորամասում։