ՌԱԴԻՈ

Շարմազանով. «Փաշինյանի հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում է»

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Իրանում հնչեցրած հայտարարության մասին։
Sputnik
Շարմազանով. «Փաշինյանի հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում է»

Էդուարդ Շարմազանովը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակի երկրում գործող այն քաղաքական գործիչների ցանկը, որոնք, ըստ նրա զբաղված են օտարերկրյա գործակալ լինելով։

«Որպես Հայաստանի արժանապատիվ քաղաքացի և մարդ, որը տարիներ շարունակ ծառայել է Հայաստանի Հանրապետությանը, որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալ, պահանջելու եմ վարչապետ Փաշինյանից, որը Հայաստանի փաստացի ղեկավարն է, որ նա հրապարակի երկրում գործող այն քաղաքական գործիչների ցանկը, որոնք, ըստ նրա զբաղված են օտարերկրյա գործակալ լինելով»,- Sputnik Արմենիայի եթերում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա բնորոշմամբ` իրանահայ համայնքի առջև օտարերկրյա գործակալների մասին հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում է։

«Վարչապետը պետք է շատ լավ գիտակցի, որ նմանատիպ հայտարարություններն այլևս օդում կախված հայտարարություններ չեն, որոնք անում էր նա որպես պատգամավոր, և նա պարտավոր է հանրությանը ներկայացնել ՀՀ-ում օտարերկրյա գործակալությամբ զբաղվող քաղաքական գործիչների ցանկը»,-ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով` քաղաքական գործչի համար օտարերկրյա գործակալ լինելը մեծագույն անարգանք ու մեծագույն դավաճանություն է, հետևաբար իրավապահները պետք է վարչապետից ճշտեն, թե ովքեր են այդ գործակալները։