Մահացել է Խորհրդային Հայաստանի առաջնորդ Սուրեն Հարությունյանը

Սուրեն Հարությունյանը Հայաստանի համար ծանր տարիներին (1988-1990) եղել է Հայկական ԽՍՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը՝ այդ պաշտոնում փոխարինելով Կարեն Դեմիրճյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. 80 տարեկանում մահացել է Հայկական ԽՍՀ Կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆյորովը

Սուրեն Հարությունյանը ծնվել է 1939 սեպտեմբերին Թբիլիսիում։ Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ գիտնական–անասնաբույժի որակավորմամբ։ Բավականին երկար աշխատել է առաջին մասնագիտությամբ, իսկ 1977 թվականին ընդունվել է ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա։

Հայաստանի համար ծանր տարիներին (1988-1990) եղել է Հայկական ԽՍՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը՝ այդ պաշտոնում փոխարինելով Կարեն Դեմիրճյանին:

Նա ընտրվել ՀԽՍՀ 7-րդ և 11-րդ գումարումների Գերագույն Խորհրդի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։ 1990 թվականին հանրապետությունից դուրս դիվանագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ Սուրեն Հարությունյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։

ԽՍՀՄ փլուզումից հետո Հարությունյանը վերադարձել է բուն դիվանագիտական աշխատանքին։ Վերադարձել է Մոսկվա ու դարձել Ռուսաստանի ԱԳՆ գլխավոր խորհրդականը։

1999 – 2006 թվականներին Սուրեն Հարությունյանը եղել է Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։